Մշակույթ

Խնկո-Ապոր անվան գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը

3 րոպեի ընթերցում

Խնկո-Ապոր անվան գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր գրադարաններում: Շաբաթը մեկնարկեց ապրիլի 15-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրադարանային շաբաթն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և երգահան-կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակներին:

«Արդեն երկրորդ ամիսն է` մեր գրադարանում Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումներ են անցկացվում:

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում տեղի կունենան տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված վիկտորինաներ, Կոմիտասի երգերի կոլեկտիվ ունկնդրումներ, հեքիաթապատումների, պատմվածքների բարձրաձայն ընթերցանությունների շարք»,- մեզ հետ զրույցում նշեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը:

Նրա խոսքով`գրադարանում գործում է հեքիաթի սրահ, որտեղ յուրաքանչյուր օր երեքից չորս հեքիաթ են պատմում դպրոցական խմբերի համար: «Այս ամբողջ շաբաթվա ընթացքում պատմելու ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթները: Նույն սրահում Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա տիկնիկային ներկայացումներ կցուցադրվեն»,-ասաց փոխտնօրենը:

Թելունցը շեշտեց, որ շաբաթվա շրջանակում նախատեսվում են ժամանակակից գրողների ստեղծագործությունների քննարկումներ տարբեր տարիքային խմբերի համար: Գրողները ներկա կլինեն քննարկումներին, և երեխաները նրանց հարցեր ուղղելու հնարավորություն կունենան:

«Ֆրանսերեն ուսումնասիրող երեխաները կիրականացնեն միջոցառում` ֆրանսիական մանկական պոեզիա ընթերցելով, կլինեն գրքերի ցուցահանդեսներ»,-ընդգծեց նա ու հավելեց, որ միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Խնկո-Ապոր անվ. գրադարանում, այլև Հայաստանի բոլոր գրադարաններում:

Տեղի կունենան այցելություններ հանրապետության այլ գրադարաններ՝ գրադարանների աշխատակիցների փորձի ու գիտելիքների փոխանակման, նոր հմտություններ ձեռք բերելու և դրանք ամենօրյա աշխատանքում կիրառելու նպատակով:

Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպել է Հայկական գրադարանային ասոցիացիան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում