Գյումրիում «Համընդանուր թելադրություն» միջոցառումը ցանկացողներին հնարավորություն է ընձեռել ստուգել ռուսերենի իրենց գիտելիքները
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ապրիլի 13-ին տեղի ունեցավ «Համընդանուր թելադրություն» կրթական միջոցառում: Գյումրին միջոցառմանն այս տարի առաջին անգամ է մասնակցում: Կազմակերպչական աշխատանքները կանոնակարգում է «Գյումրու արվեստի ու մշակույթի ռուսական կենտրոն»-ը:
Կենտրոնի ռուսերեն լեզվի ու կրթության բաժնի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը, ով թելադրում էր ընտրված նյութը, «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ իր բարդությամբ նյութը միջին մակարդակի է: ««Համընդանուր թելադրություն»-ը ամենամյա կրթական ակցիա է, որին մասնակցում են բոլոր ցանկացողները: Նպատակն է համախմբել բոլոր նրանց, ովքեր գրում, կարդում են ռուսերեն լեզվով: Այս միջոցառումն անցկացվում է տարին մեկ անգամ, բոլոր վայրերում` նույն ժամանակային հատվածում: Նմանատիպ թելադրություն գրելու համար պետք է լավ տիրապետել լեզվին, ուղղագրական ու կետադրական կանոններին»,-նշեց Անահիտ Պետրոսյանը:
Ռուսերենի իրենց գիտելիքները ստուգելու համար Գյումրու տեխնոլոգիական կենտրոն էին եկել տարբեր տարիքի ու մասնագիտության մարդիկ: Միևնույն սրահում իրենց գիտելիքները ստուգում էին ինչպես դպրոցականներն, այնպես էլ զինվորականներն ու մանկավարժները: Միայն այս կենտրոնում թելադրություն գրեց 81 մարդ: «Բացի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնից, թելադրության համար հարթակ ստեղծվել էր նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում: Ի դեպ, նաև մեկ կենտրոն գործում է Վանաձորում»,-նշեց «Գյումրու արվեստի ու մշակույթի ռուսական կենտրոն»-ի բարձրագույն կրթության ու ռուսերեն լեզվի բաժնի առաջատար մասնագետ Հասմիկ Թադևոսյանը:
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները կստանան վկայագրեր: Արդյունքները պարզ կլինեն ապրիլի 17-ին:
Միջոցառումն անցկացվում է 80 երկրում: Տարիքային սահմափակում չկա:
Արմենուհի Մխոյան