ՀՀ վարչապետը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ի երեկոյան ժամանել է Ստրասբուրգ. ապրիլի 11-ին սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ էր: Մինչ հանդիպումը վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»:

ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպայի խորհուրդ` նշելով, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանին կրկին հանդիպելու համար` այս անգամ արդեն Ստրասբուրգում: Նա գոհունակություն է հայտնել մարտի վերջին Հայաստան կատարած իր այցի կապակցությամբ, որի շրջանակում արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ելույթով է հանդես եկել Ազգային ժողովում և մասնակցել է Երևանում «Եվրոպայի հրապարակի» բացմանը: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ ՀՀ վարչապետի այցի հագեցած օրակարգը` բարձր մակարդակի հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների հետ, Հայաստանի վարչապետի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնապես բացումը վկայում է Հայաստան-ԵԽ գործընկերության արդյունավետ ընթացքի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: ԵԽԽՎ նախագահի խոսքով` ԵԽ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտի վերջին Երևանում ԵԽԽՎ նախագահի հետ ունեցած հանդիպումը և ուրախ է կրկին տեսնել Լիլիան Մորի-Պասկիեին` այս անգամ Ստրասբուրգում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ԵԽ և ԵԽԽՎ լիարժեք անդամ է, և գոհունակություն հայտնել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ընթացքից, որի բարձր մակարդակը վերահաստատվեց մարտ ամսին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների և ԵԽԽՎ նախագահի այցերի արդյունքներով, Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական վիճակի վերաբերյալ զեկույցով և գնահատականներով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերին և կարևորել դրա շրջանակում երկուստեք ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարեփոխումների մեծ օրակարգ ունի, և այդ գործում ԵԽ աջակցությունը կարևոր է: ԵԽԽՎ նախագահը ողջունել է մեր երկրում ժողովրդավարական փոփոխությունների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Հայերեն English Français Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը