Տնտեսություն

Հակոբ Արշակյանը մասնակցել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը մասնակցել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի աշխատանքներին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ներկայացուցչական այս միջոցառումը, որն անցկացվում է ամեն տարի, նպատակ ունի նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հերթական նիստի քննարկմանն էին ներկայացվել տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների, տիեզերական և ռադիոէլեկտրական արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր։

Նիստի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հաջորդ սերնդի կապի համակարգերի, արհեստական բանականության, ռադիոէլեկտրոնիկայի, էլեկտրոնիկայի, արդյունաբերական իրերի ինտերնետ ուղղություններով համատեղ աշխատանքների խթանման ուղղությամբ: Կողմերը ողջունել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված հայ-ռուսական ներդրումային ֆոնդ նախաձեռնելու պայմանավորվածությունը՝ ընդգծելով այդ գործընթացում Եվրասիական զարգացման բանկի դերը:

Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միակ ցամաքային ճանապարհի՝ Վերին Լարսի թեմային, որի անխափան թողունակությունը անչափ կարևոր է մեր երկրի համար։ Ռուսական կողմը տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել 2019-2021 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր:

Քննարկվել են նաև կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր, խոսվել է այդ ուղղությամբ իրականացվող արդյունավետ համագործակցության մասին։ Խոսվել է ավիացիայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներից։

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության 19-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում