Հասարակական

Համընդհանուր ներառական կրթության անցումն առաջնահերթ խնդիրներից է. ԿԳ նախարարը հանդիպել է Տանյա Ռադոչայի հետ

3 րոպեի ընթերցում

Համընդհանուր ներառական կրթության անցումն առաջնահերթ խնդիրներից է. ԿԳ նախարարը հանդիպել է Տանյա Ռադոչայի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից , ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում:

«Համընդհանուր ներառական կրթության անցումը մեզ համար առաջնահերթ խնդիրներից է, քանի որ այն հասարակությանը կբարձրացնի որակական նոր մակարդակի: Համերաշխություն, սեր և հանդուրժողականություն, ահա այս արժեքներն են, որ տարիներ շարունակ պակասել են մեր հասարակությանը: Հաջողել են այն երկրները, որոնք կարողացել են հասարակությանը հաղորդել այս արժեքները»,-նշել է Արայիկ Հարությունյանը: ԿԳ նախարարի խոսքով, համընդհանուր ներառմանն ուղղված քայլերի շնորհիվ, մեր երկիրը կունենա համակեցության այլ սկզբունքներով ու չափանիշներով առաջնորդվող հասարակություն: Միաժամանակ նա շեշտել է, որ համընդհանուր ներառման անցման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում սոցիալական տարբեր խմբերի միջև: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունն ուսուցիչների վերապատրաստման և ծնողական համայնքի հանդիպումների կազմակերպման հարցում:

Պատրաստակամություն հայտնելով համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ՝ Տանյա Ռադոչայն իր հերթին կարևորել է համընդհանուր ներառական կրթության ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության ջանքերը: Նրա խոսքով, համընդհանուր ներառումը յուրօրինակ բանալի է հասարակության խնդիրների լուծման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվող նախադպրոցական այլընտրանքային մոդելների մշակման և ներդրման ծրագրին: Կարևորելով նոր մոդելների ներդրման հանգամանքը՝ ԿԳ նախարարն անհրաժեշտ է համարել այդ ուղղությամբ իրավիճակային ուսումնասիրության կատարումը:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքների, մասնավորապես, մանկապարտեզների ցանցի ընդլայնման, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների ստեղծման և մի շարք այլ ծրագրերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում