ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ապրիլի 1-ին հանդիպել է Նիդերլանդների դատական խորհրդի փոխնախագահ, Եվրամիության դատական խորհուրդների ցանցի նախագահ Կես Ստերկին (Kees Sterk): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Բալայանը Կես Ստերկին ներկայացրել է Հայաստանում դատական իշխանության անկախության ապահովման ուղղությամբ իրակացվող քայլերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման սկզբունքները և գործունեությունը՝ կարևորելով եվրոպական համապատասխան կառույցների հետ համագործակցության զարգացումը։
Նիդերլանդների դատական խորհրդի փոխնախագահը Հայաստանի դեսպանին մանրամասն տեղեկություններ է հաղորդել Եվրամիության դատական խորհուրդների ցանցի գործունեության և գործընկեր երկրների հետ համագործակցության հնարավորությունների մասին՝ նշելով Հայաստանի ԲԴԽ հետ փոխգործակցության հաստատման ուղիները։
Հանդիպանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Նիդերլանդների դատական իշխանությունների միջև համագործակության հաստատման, դատական իշխանության անկախության ապահովման հոլանդական փորձի Հայաստանում կիրառելիության շուրջ: