Հասարակական

Մասնագետները Երևանի կենդանաբանական այգու վագրի մոտ ախտորոշել են լեյկոզ. հրավիրվել է տեղացի և արտասահմանցի մասնագետների կոնսիլիում

2 րոպեի ընթերցում

Մասնագետները Երևանի կենդանաբանական այգու վագրի մոտ ախտորոշել են լեյկոզ.  հրավիրվել է տեղացի և արտասահմանցի մասնագետների կոնսիլիում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ շաբաթվա սկզբում Կենդանաբանական այգու վագրերից Բինգո անունով առանձնյակի մոտ վատառողջ լինելու նշաններ են եղել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից, կենդանին թույլ է եղել, քիչ է դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ է եղել:

Կենդանաբույժի ձեռնարկած մասնագիտական միջամտությունից հետո վագրի մոտ դրսևորվել են կազդուրման նշաններ: Սակայն ուրբաթ օրը խնամողները նրա քթից արնահոսություն են նկատել:

Հրավիրվել է օնլայն կոնսիլիում՝ Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի կենդանաբանական այգիների գլխավոր անասնաբույժների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվել է թմրեցնել կենդանուն, որպեսզի հնարավոր լինի սոնոգրաֆիայի եղանակով զննել նրան և վերցնել կենսաբանական նմուշներ՝ ախտորոշման և բուժման հետագա ընթացքը որոշելու համար:

Սոնոգրաֆիան ի հայտ է բերել, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է լեյկոզ:

Ախտորոշումից հետո կրկին հրավիրվել է օնլայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխեման, իսկ առաջիկայում Հայաստան կժամանեն գործընկերները` իրավիճակին տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Տեղեկացնենք, որ կենդանու տարիքը հստակ չէ. նրան Կենդանաբանական այգի են բերել 2010 թվականին՝ պոչն ամպուտացված վիճակում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում