ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը դրական միտումներ է տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ կողմերի միջև ստեղծվել է կառուցողական միջավայր, առկա է դրական միտում՝ ուղղված զինադադարի պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև կան որոշակի քայլեր ուղղված մարդասիրական տարրերի ներգրավամանը:
«Երկխոսության ժամանակ կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, վերահաստատելով այն դիրքորոշումները , որոնք կան թե հայկական, և թե ադբեջանական կողմերի մոտ: Այստեղ փաստի ամրագրումը կայանում է նրանում, որ հայկական կողմը ևս մեկ անգամ ներկայացրել է իր մոտեցումը` բովանդակության և կարգավորման ուղիների վերաբերյալ: Բնականաբար, ադրբեջանական կողմը պետք է նույնը աներ»,- ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ կողմերը ևս մեկ անգամ շեշտադրել են անհրաժեշտությունը՝ գտնելու եղանակներ, որոնք նպաստելու են խաղաղ կարգավորմանը և ձևավորելու են համապատասխան միջավայր:
«Հայտարարություններում տեսնում ենք այն միտումը, որ կողմերը խոսում են խաղաղության մասին: Խաղաղությունը հանդես է գալիս որպես միջոց կամ միջավայր, որի շրջանակներում պետք է կարգավորվի հակամարտությունը»,- ընդգծեց Մարգարովը:
Ըստ քաղաքագետի` հաջորդ դրական կողմը կայանում է նրանում, որ կողմերը շեշտադրում են զինադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: «Սակայն չկար հղում երկու փաստաթղթերին` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի: Բայց շեշտադրվում է այն հանգամանքը, որ կարելի է իրականացնել գործողություններ մարդասիրական բնագավառում, որը տեսականորեն նշանակում է փոխանակում այն մարդկանց, ովքեր գտնվում են Ադրբեջանում և Հայաստանում»,- ասաց Մարգարովը:
Քաղաքագետի կարծիքով` կողմերը պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը և արտգործնախարարներն ունեն համապատասխան մանդատ՝ նախապատրաստելու բանակցությունների հաջորդ փուլը:
Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։