Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ իշխանական խմբակցությունը միտում չունի միանշանակ մերժելու ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի պատրաստվում ընդդիմության՝ կառավարության բացասական եզրակացությունը ստացած բոլոր օրենսդրական նախաձեռություններին խորհրդարանում դեմ քվեարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ազգային ժողովը նախորդ քառօրյա նիստում չընդունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից առաջադրված երկու նույնաբովանդակ օրենսդրական նախաձեռնությունները: Դրանցով առաջարկվում էր նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել որպես մեկ ու կես օր: Նախագծերի չընդունումից հետո ընդդիմադիր որոշ գործիչներ քննադատություններ հնչեցրին՝ մասնավորապես նշելով, որ իշխանական խմբակցությունը շարունակում է նախորդ իշխանությունների քաղաքականությունը՝ չի ընդունում կառավարության բացասական եզրակացությամբ նախագծերը:

Ալեն Սիմոնյանը հերքեց նման մոտեցմամբ առաջնորդվելը։ «Եթե մենք համաձայն չենք մի նախագծի համար, նշանակում է իշխանությունը մերժո՞ւմ է: Քառօրյայում ընդդիմության կողմից եղան օրենսդրական նախաձեռնություններ՝ ուսման վարձի տարաժամկետմանը և զինվորական ծառայությունից խուսափածներին վերաբերող, որոնք ընդունվեցին: Իսկ նախնական կալանքի մեկ օրը որպես մեկ ու կես հաշվելու մասին նախագծի հետ կապված մենք աշխատում ենք»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց՝ ինչպես ավելի վաղ էր ասվել՝ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է այդ հարցը: Սիմոնյանը նշեց՝ չի կարելի ասել, որ նախագիծը միանշանակ մերժվել է:

Հիշեցնենք՝ նույնաբովանդակ նախագիծ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել էր նաև նախորդ գումարման ԱԺ-ում: Սակայն լիագումար նիստում այն բավարար ձայներ չէր ստացել: Դրանից հետո, հիմք ընդունելով կառավարության առաջարկները, ԼՀԿ-ն փոփոխություններ էր կատարել նախագծում, որով այն չէր տարածվելու ապագայի վրա, այլ՝ մինչև 2018-ի նոյեմբերը նախնական կալանքի տակ գտնվածների:

Ալեն Սիմոնյանը նշեց՝ կոնկրետ պարզ չէր, թե ում էր վերաբերում առաջարկված նախագիծը: «Այդ նախագծում կոնկրետություն չկար: Աքսիոմ չէ՝ ինչ ընդդիմությունը բերում է, իշխանությունը պետք է հաստատի և հակառակը։ Հիմա ես օրենսդրական նախաձեռնություն եմ առաջարկելու, որը միտված է լինելու խաղամոլությանը, խոցելի խմբերին գայթակղությունից զերծ պահելուն: Ընդդիմությունն ամբողջությամբ կո՞ղմ է քվեարկելու: Կարելի՞ է ասել, որ ընդդիմությունը սաբոտաժ է անում և խաղամոլության կողմնակի՞ց է. իհարկե ոչ: Քննարկումներ են, որ պետք է լինեն»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ առաջիկայում իշխանական խմբակցությունը հանդես է գալու մի քանի օրենսդրական նախաձեռնություններով: Դրանցից մեկը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելուն: Հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ն, որ ընդդիմադիր գործիչներն էլ միտումնավոր դեմ կքվեարկեն իրենց նախագծին, Սիմոնյանն ասաց՝ չի կարծում, թե ԱԺ-ում նման մթնոլորտ կա:

Աննա Գրիգորյան

Հայերեն Français Русский

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ