Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանը բացառում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի առանց Հայաստանի մասնակցության

2 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանը բացառում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի առանց Հայաստանի մասնակցության

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է այն հնարավորությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարող է ընտրվել առանց այդ գործընթացին Հայաստանի մասնակցության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Տոնոյանն ասաց մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում:

«Դա գլխավոր քարտուղարի նշանակում է, ինչ-որ որոշում չէ, մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում որոշում կայացնելու խնդիր չէ: Սա ռազմավարական, դաշինքի գլխավոր քարտուղար ընտրելու խնդիրն է: Ինչպես կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել կամ նշանակել քարտուղար: Կանոնակարգը նման բան թույլ չի տալիս»,- ասաց Տոնոյանը:

Նախարարի խոսքով` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ իրենց գերատեսչությունն իր կարծիքը հայտնել է, և այս պահին այլ մարմիններ են զբաղվում այս հարցով:

«Այս պահին Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան աշխատանք է տանում ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանք տանում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր կարծիքը հայտնել է»,- նշեց Դավիթ Տոնոյանը:

2018թ. նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Հայկական կողմը դիմել էր ՀԱՊԿ անդամ երկրներին՝ Խաչատուրովին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու հարցով, քանի որ Խաչատուրովը Մարտի 1-ի քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցներ մինչև 2020թ., որից հետո այն անցնելու էր Բելառուսին: 2018 թվականի վերջին հայտարարվեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին կողմերը կանդրադառնան 2019թ., սակայն մինչ այս պահն այդ հարցում կոնսենսուս չի կայացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում