IFC-ն և MIGA-ն 202 միլիոն դոլար ֆինանսավորման փաթեթ են նախապատրաստում Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտի հզորացման համար

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալությունը (MIGA) փոխառության ֆինանսավորման և երաշխիք՝ 202 միլիոն դոլար արժողությամբ աննախադեպ փաթեթ են նախապատրաստում Հայաստանի առաջին, նոր կառուցվող էլեկտրակայանի ֆինանսավորման համար, որը կօգնի Հայաստանում զարգացնել էներգիայի արտադրություն ու խթանել տնտեսական աճը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային ֆինանսական կորպորացիայից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայաստանում էլեկտրական էներգիայի երկու երրորդն արտադրվում է ներկրվող վառելիքից: Էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալների մի զգալի մասի արտադրության համար երկրում հիմնականում օգտագործվում են հնացած, ցածր արդյունավետությամբ ջերմաէլեկտրակայանները: 250 մեգավատտ հզորությամբ համակցված ցիկլով գազատուրբինային արդի էներգակայանի կառուցումը Երևանի հարավային մասում կօգնի բարձրացնել գազից էլեկտրական էներգիայի արտադրության արդյունավետությունը՝ արտադրելով տարեկան մինչև 2,000 գիգավատտ ժամ և ապահովելով հուսալի էներգամատակարարում: Կայանը նաև կօգնի նվազեցնել գազի ծախսն ու կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:

IFC-ն այս ֆինանսավորման փաթեթի առաջատար կազմակերպիչն է: Փաթեթը ներառում է 42 միլիոն դոլար վարկ IFC-ի կողմից և 121 միլիոն դոլար՝ IFC-ի սինդիկացված վարկավորման նորարարական հարթակից, Համատեղ վարկավորման պորտֆելի վերահսկվող ծրագրից, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի, Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի և զարգացման ծրագրեր ֆինանսավորող գերմանական DEG (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կազմակերպության կողմից զուգահեռ ֆինանսավորվող վարկերից: MIGA-ն 39 միլիոն դոլարի երաշխիք է տրամադրում, որպեսզի օգնի «Renco Spa» կազմակերպությանը կառավարել ոչ առևտրային ռիսկերը:

Ֆինանսավորումը տրվելու է «Արմփաուեր» կազմակերպությանը, որը համատեղ հիմնադրվել է գերմանական «Սիմենս փրոջեքթ վենչուրս» ՍՊԸ-ն (որը «Սիմենս ֆինանսական ծառայություններ»-ի մաս է), իտալական «Ռենկո Ս.Պ.Ա.» և զարգացման ծրագրեր ֆինանսավորող իտալական «ՍԻՄԵՍՏ Ս.Պ.Ա» (CDP խումբ) կազմակերպությունների կողմից:

Ռենկոն նաև հանդիսանալու է կայանի նախագծային աշխատանքները, գնումներն ու շինարարությունն իրականացնող կապալառուն: Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջիովաննի Ռուբինին ասաց. «Արդեն 20 տարի է, ինչ Ռենկոն Հայաստանում է, և մենք շատ գոհ ենք, որ կարևոր կետի ենք հասել երկրի տեխնոլոգիական և էներգետիկ զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի իրականացման հարցում: Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ սկսել աշխատանքները՝ կայանը նախատեսված ժամկետում շահագործման հանձնելու համար»:

«Հուսալի էլեկտրամատակարարումն ապահովում է բազային ծառայությունների հասանելիություն և տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և աղքատության նվազեցման կարևոր շարժիչ է: Այս ծրագիրը մաս է կազմում Համաշխարհային բանկի խմբի հիմնարար ջանքերի՝ ուղղված Հայաստանում հուսալի էներգամատակարարման ապահովմանը»,- ասաց IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան վան Բիլսենը: - Մենք պատրաստ ենք շարունակել հնարավորություններ փնտրել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգը հզորացնելու համար՝ զարգացման ու աճի հետագա խթանման նպատակով»:

Այս ծրագիրը Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների համատեղ աշխատանքի արդյունքն է, որը հաջորդում է Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումներին, որոնց օգնությամբ ձևավորվել է անկախ կարգավորող մարմին և դիվերսիֆիկացվել է գույքի նկատմամբ սեփականությունը: Համաշխարհային բանկը նաև ֆինանսավորել է մաշված և հնացած էլեկտրահաղորդման ցանցի վերազինումը:

Համաշխարհային բանկի խմբի անդամ և Համաշխարհային բանկի քույր կազմակերպություն IFC-ն զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է զարգացող շուկաների մասնավոր հատվածին: Աշխատելով աշխարհի ավելի քան 2000 մասնավոր ձեռնարկությունների հետ՝ մենք օգտագործում ենք մեր կապիտալը, գիտելիքներն ու ազդեցությունը աշխարհի ամենադժվար վայրերում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: 2018 ֆինանսական տարում մենք զարգացող երկրներին տրամադրել ենք ավելի քան 23 միլիարդ դոլար երկարաժամկետ ֆինանսավորում՝ լծակավորելով ծակրահեղ աղքատությունը վերացնելու և համատեղ բարգավաճում ապահովելու մասնավոր հատվածի ներուժը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ifc.org կայքէջը:

MIGA-ն ստեղծվել է 1988 թվականին՝ որպես Համաշխարհային բանկի խմբի անդամ կազմակերպություն, որը զբաղվում է զարգացող երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումների ֆինանսավորմամբ՝ այս կերպ օգնելով մեղմել արժույթի փոխարկման ու տրանսֆերի սահմանափակումների, կառավարությունների կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման, ունեզրկման և պատերազմների ու քաղաքացիական խռովությունների հետ կապված ռիկսերը, և վարկավորման ծավալների ընդլայնում առաջարկելով մասնավոր ներդրողներին ու վարկատուներին: Վերջին երեք տասնամյակների ընթացքում MIGA-ն ուղղակիորեն ավելի քան 50 միլիարդ ներդրումներ է կատարել 111 զարգացող երկրներում՝ ավելի քան 845 ծրագրերում»:

Հայերեն العربية English

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար