Տնտեսություն

Հայաստանը ԵԱՏՄ երկրներ է արտահանում ոչ թե հումք, այլ պատրաստի ապրանք. նախարար

2 րոպեի ընթերցում

 Հայաստանը ԵԱՏՄ երկրներ է արտահանում ոչ թե հումք, այլ պատրաստի ապրանք. նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ԵԱՏՄ երկրներ է արտահանում հիմնականում ոչ թե հումք, այլ վերջնական օգտագործման ապրանք: Այդ շուկան Հայաստանի տնտեսական շահերի հիմնական հատվածն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այս մասին ասաց Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում:

«Եվրասիական տնտեսական միությունը մեր տնտեսական շահերի հիմնական հատվածն է: Հայաստանից 2018-ին 2 մլրդ 400 մլն դոլար ծավալով արտահանված ապրանքների մոտ 680 մլն դոլարն արտահանվել է ԵԱՏՄ երկրներ: Եվ առավել կարևոր է, որ մենք ԵԱՏՄ երկրներ և հատկապես Ռուսաստան արտահանում ենք ոչ թե հումք, այլ վերջնական օգտագործման ապրանքներ: Դա նշանակում է՝ մեր արտադրողների և տնտեսության շահերը պահանջում են, որ և ապրանքների արտահանման բնագավառում, և ծառայությունների ընդլայնման տեսանկյունից մեծ ուշադրություն դարձնենք առկա խնդիրներին, և տնտեսավարողները շարունակեն արտահանել ԵԱՏՄ երկրներ»,-ասաց նախարարը:

Խաչատրյանի կարծիքով` պետք է հնարավորություն տալ ձեռնարկատերերին իրենց պոտենցիալը լիարժեք դրսևորել, օգտագործել և ներկայանալ այն շուկաներում, որտեղ կարող են ունենալ զարգացման բավական լայն ու դեռևս մինչև վերջ չօգտագործված հնարավորություններ:

Նախարարը նկատեց` ներմուծման տեսանկյունից նույնպես Հայաստանի շահերը ուղղակիորեն կապված են ԵԱՏՄ տարածքի հետ: «Մենք ունենք կենսական նշանակության շահեր: Ընդհանուր ներմուծման մեկ քառորդը կամ 1մլրդ 250 մլն դոլարը ներկրում ենք ԵԱՏՄ երկրներից»,-ասաց նա:

Խաչատրյանը նշեց` ԵԱՏՄ երկրներում կան էներգակիրներ, վերջնական սպառման ապրանքներ, ու եթե Հայաստանն անմիջական սահմանակից լիներ այդ անդամ երկրերին, ապա նաև ապրանքների տեղաշարժը կլիներ առանց փաստաթղթային սահմանափակումների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում