Գյումրու տիկնիկային թատրոնը համաքաղաքացիների հետ Բարեկենդանը նշեց տոնը խորհրդանշող ներկայացումով
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հնագույն տիկնիկային թատրոններից մեկի՝ Գյումրու «Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն»-ի ստեղծագործական խմբի նախաձեռնությամբ Գյումրիում մարտի 3-ին նշվեց Բուն Բարեկենդանը: Մինչև փոքրիկ հանդիսատեսին դատին կներկայացվեր Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» տիկնիկային ներկայացումը, թատրոնի դերասանները ներկայացրին տոնի խորհուրդը: Վերջին տարիներին փորձ է արվում վերականգնել Բարեկենդանը՝ հայկական ամենասիրելի տոներից մեկը, ժողովրդական միջոցառմամբ նշելու ավանդույթը, ինչից ժողովուրդը զրկվել էր խորհրդային տարիներին: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»:
Գյումրու «Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն»-ի ստեղծագործական խմբի միջոցառման ընթացքում Բարեկենդանին մարմնավորող հերոսը բոլորին պարի հրավիրեց, տեղում կազմակերպվել էր նաև հյուրասիրություն:
«Ես հիշում եմ, երբ տատիկս ողջ էր, անպայման նշում էինք այս տոնը՝ ընտանեկան միջավայրում: Եղել է մեծ ուրախություն՝ համով ու տնական ուտեստներով: Սեղանի վրա բնության անմշակ ուտեստներն էին՝ ոչ ձևական, բայց շատ առողջարար ու համեղ: Տատս ասում էր՝ Բարեկենդանն է եկել ու դռները բաց էր անում: Ճիշտ է, տոնը եկեղեցական է, բայց ժողովուրդն այնքան է սիրել այս տոնը, որ իրենն է դարձրել: Ասում են, նույնիսկ եղել է ժամանակ, երբ տոնը փոխարինել է Նոր Տարվան: Լավ կլինի, որ այս տոները վերականգնվեն ժողովրդի մոտ»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետի խորհրդական, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը:
Միջոցառման մասնակիցները վստահեցրին՝ այս «Բարեկենդան» -ը երկար կհիշեն:
Արմենուհի Մխոյան