Պաշտոնական

Չինացի գործարարները նախատեսում են մոտ 100 մլն դոլար ներդրումներով 300-400 աշխատատեղ ստեղծել Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Չինացի գործարարները նախատեսում են մոտ 100 մլն դոլար ներդրումներով 300-400 աշխատատեղ ստեղծել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 27-ին ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուրոնգի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ 2018թ. ընթացքում իր կողմից ընդունած օտարերկրյա գործարար պատվիրակությունների թվում Չինաստանից ժամանածների քանակը ամենամեծն է եղել և համոզմունք հայտնել, որ այս հաճախակի շփումները կբերեն հայ-չինական առևտրատնտեսական կապերի զգալի աշխուժացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հե Յուրոնգը նշել է, որ ընկերության մասնակցությամբ 2018թ. դեկտեմբերին ստեղծվել է հայ-չինական բարեկամության զարգացման ասոցիացիա, որը գործունեություն է ծավալելու միջմշակութային հաղորդակցության, առևտրի և արդյունաբերության զարգացման ուղղություններով:

Չինացի գործարարները հայտնել են, որ մտադիր են Հայաստանում կառուցել ժամանակակից պահեստային տնտեսություն, որը կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրների հետ առևտրային հոսքերը: Բացի այդ, ընկերությունը ցանկանում է Հայաստանում ստեղծել ալյումինի արդյունաբերական գոտի, որտեղ ներկայացված կլինեն ալյումինե ապրանքներ, մասնավորապես, կահույք արտադրող տարբեր ընկերություններ, որոնց արտադրանքը հիմնականում կարտահանվի: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի ծավալը հասնում է մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի և նախատեսում 300-400 աշխատատեղերի ստեղծում:

Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ներդրումների պաշտպանությանը և, այս առումով նախաձեռնել է ներդրումների պաշտպանության նոր օրենքի մշակում: Նա նաև հավաստիացրել է, որ կառավարությունը կաջակցի չինացի գործարարների բոլոր ծրագրերի իրականացմանը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում