Պաշտոնական

Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Հայաստանում ընտրությունները կազմակերպող մարմինների կարողությունների զարգացմանը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Հայաստանում ընտրությունները կազմակերպող մարմինների կարողությունների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունում ստորագրել են համաձայնագիր՝ պաշտոնապես հայտարարելով ընտրությունները կազմակերպող մարմինների երկարաժամկետ կարողությունների զարգացմանը միտված ծրագրի մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, միաժամանակ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և պրն․Մարիյասինը ստորագրել են Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող (մեկ միլիոն ԱՄՆ դոլար) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն – 2» (ՀԸԳԱ-2) ծրագրային փաստաթուղթը։

Հիմնվելով 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության (Եվրոպական միություն, Գերմանիա, Միացյալ Թագավորություն և Շվեդիա) և ՀՀ կառավարության աջակցության վրա, ՀԸԳԱ-2 ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները՝ վերջինիս կառուցվածքի և պլանավորման գործընթացների արդիականացման, ռեսուրսների վերակազմակերպման, ներքին ընթացակարգերի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների բարելավման միջոցով։

Ծրագիրը, ի լրումն այլ գործառույթների, կաջակցի էլեկտրոնային ուսուցման հարթակի ընդլայնմանը, Միջազգային ընտրական տեխնոլոգիաների համաժողովի միջոցով կներկայացնի Հայաստանի փորձը տարածաշրջանում և դրանից դուրս, կնպաստի ընտրական հանձնաժողովների տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորմանը։

ՀԸԳԱ-2-ը համակարգելու է իր գործողություններն այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աջակցություն կտրամադրեն ընտրական գործընթացներին ծրագրի շրջանակներից դուրս։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում