Տնտեսություն

Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Զարգացման Ֆրանսիայի գործակալության տարածաշրջանային ղեկավար Գայել Ասայագին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նշելով, որ հանդիպումը կայանում է շատ խորհրդանշական օր, երբ Կառավարության ծրագիրը հաստատվել է Ազգային ժողովի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումն ու խորացումը նաև կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև շեշտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:

Դեսպան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:Ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին՝ դեսպանը նշել է, որ այդ այցը ևս կնպաստի երկկողմ ծրագրերի հստակեցմանն ու հետագա ընդլայնմանը:

Զարգացման Ֆրանսիայի գործակալության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև կազմակերպության պատրաստակամությունը ապագայում ևս նոր ծրագրեր մշակել Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումներին համահունչ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում կապիտալի շուկայի ձևավորման անհրաժեշտությանը, քննարկել Հայաստանում ֆրանսիական բիզնեսի զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու, ինչպես նաև GSP+ արտոնությունների համակարգերում ընդգրկված լինելու և Առևտրի միջազգային կազմակերպության անդամ հանդիսանալու առավելությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում