ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ու աննախադեպ թավշյա հեղափոխություն իրականացրած երկրի իմիջների համաձուլման արդյունքում նոր բրենդինգի ձևավորումը էական նշանակություն կունենա ՀՀ զբոսաշրջության զարգացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018թ. 10.5% զբոսաշրջիկների թիվը ՀՀ-ում աճել է: Վերջին եռամսյակում աճի տեմպը նաև ավելացել է: Հայաստանի՝ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի ու աննախադեպ թավշյա հեղափոխություն իրականացրած երկրի իմիջների համաձուլման արդյունքում նոր բրենդինգի ձևավորումը նույնպես էական նշանակություն կունենա Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտը մեծ նշանակություն ունի աղքատության հաղթահարման, փոքր ու միջին բիզնեսի խթանման ու բնապահպանության համար:
«Մենք արդեն սկսել ենք ծրագրերի իրականացումը, երբ անտառամերձ բնակավայրերի բնակիչներին դրամաշնորհներ ենք տալիս, որպեսզի իրենք զբոսաշրջային ծառայություններ մատուցելու որոշակի բիզնեսներ ներդնեն»,- նշեց վարչապետը: