Արդարադատության նախարարությունն առաջարկում է ԶԼՄ-ներին ազատել պետռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման տուրքից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը առաջարկում է լրատվամիջոցներին ազատել պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար նախատեսվող պետական տուրքի վճարից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով հաշվառված լրատվության միջոցներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված 10 էջը»,- նշված է նախագծում:
Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների՝ իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը: