Հայաստան-Իրան հարաբերությունների քաղաքական բաղադրիչը բարձր մակարդակի վրա է. ՀՀ դեսպանի հարցազրույցը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ Հայաստանի համար ստեղծված բարենպաստ պայմաններն արդյունավետ կերպով կծառայեցվեն առևտրի ծավալների աճի ապահովմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան ծրագրված այցին:

-Պարոն Թումանյան, արդեն հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին այցելելու է Իրան: Ասացեք խնդրեմ, հանդիպումների ու հարցերի ի՞նչ օրակարգ է նախատեսված:

-ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թեհրան: Սա վարչապետ Փաշինյանի առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այժմ քննարկվում են այցի կազմակերպական հարցերը: Հանդիպումների օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում կշոշափվեն նաև տարածաշրջանային անվտանգության և բազմակողմ համագործակցության խնդիրները:

-Պարոն դեսպան, այս տարի լրանում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան Իրան հարաբերությունների ներկա մակարդակը:

-Իրենց սկզբնավորման օրից մինչ այսօր Հայաստան-Իրան հարաբերությունները եղել են բարեկամական և գործընկերային: Անշուշտ չի կարելի ասել, որ իրացվել են երկու կողմերի բոլոր հնարավորությունները:

-Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք հայ-իրանական դիվանագիտական հարաբերություններում վերջին շրջանում:

- Հիմնական ձեռքբերումը կարելի է համարել երկկողմ հարաբերությունների քաղաքական բաղադրիչի բարձր մակարդակը: Կողմերին մշտապես հաջողվել է խուսափել կնճռոտ խնդիրներից: Ինչ վերաբերում է կոնկրետ վերջին շրջանին, կարելի է առանձնացնել իրանական շրջանակներում Հայաստանի մասին բազմաբնույթ տեղեկատվության տարածման, փոխադարձ իրազեկվածության մակարդակի բարձրացման հանգամանքները: Բազմաթիվ իրանական գործարարներ ուղղորդվել են դեպի Հայաստան՝ տեղում քննարկելու տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները:

-Իրանը շարունակում է Հայաստանի համար մնալ կարևոր գործընկերներից մեկը, երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Իսկապես Իրանը Հայաստանի կարևոր գործընկեր երկրներից մեկն է և հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի շահերից: Անշուշտ, Հայաստանը ևս կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքական օրակարգում:

Երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակը հեռու է բավարար լինելուց, և այս հարցում երկու կողմերն էլ լուրջ անելիքներ ունեն: Հարկ է նշել, որ Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունըորպես կանոն չի հատել 300 մլն դոլարի սահմանները (հաշվի առնելով նաև գազ-էլեկտրաէներգիա փոխանակումը), իսկ Հայաստանից Իրան ապրանքների առաքման ծավալները մշտապես եղել են չափազանց փոքր:

Ներկայումս քննարկվում են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ մեզ համար ստեղծված բարենպաստ պայմանները երկկողմ առևտրի ծավալների աճի ապահովմանը արդյունավետ կերպով ծառայեցնելու հնարավորությունները: Անհրաժեշտ է նշել, որ այստեղ լուրջ խոչընդոտներ են առաջացել ամերիկյան պատժամիջոցների գործադրման հետևանքով, որոնց հաղթահարման համար հարկ կլինի ստեղծել որոշակի մեխանիզմներ: Այս հարցում, անշուշտ, անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստական և խորհրդատվական միջոցառումներ իրականացնել և՛ իրանական կողմի, և՛ մյուս գործընկեր երկրների հետ:

-Վերջին տարիներին բավական ակտիվություն է նկատվում զբոսաշրջության ոլորտում: Ի՞նչ զարգացման հեռանկարներ եք տեսնում այս ուղղությամբ:

-Մինչ ամերիկյան պատժամիջոցների գործադրումը և Իրանում անբարենպաստ ֆինանսատնտեսական զարգացումները Իրանից Հայաստան մեկնող զբոսաշրջիկների թիվը մշտապես աճում էր: Այժմ Իրանում ստեղծված դժվարությունների պատճառով նշված ցուցանիշը նվազման միտում է դրսևորում: Հասկանալի է, որ ստեղծված նոր պայմաններում հարկ կլինի որոշակի փոփոխություններ մտցնել այս ոլորտի աշխատանքներում, առնվազն հետագա բացասական զարգացումները կանխելու համար:

-Պարոն դեսպան, երկու երկրների հարաբերությունների ամրացման, զարգացման գործում իր կարևոր դերակատարությունն ունի Իրանում հայ համայնքը: Ասացեք խնդրեմ, այսօր Իրանում հայերը հիմնականում ի՞նչ գործունեություն են ծավալում, ո՞ր ոլորտներում են ներկայացված և ի՞նչ օրակարգային հարցեր կան հայ համայնքի հետ կապված:

-Իրանի հայ համայնքը անցել է մեծ ճանապարհ և Իրանի կյանքում ունեցած հսկայական վաստակի համար մեծ հարգանք է վայելում: Համայնքի անդամները ներկայացված են տարբեր ոլորտներում՝ գիտություն, կրթություն, մշակույթ, տնտեսություն և այլն: ԻԻՀ սահմանադրությամբ հայերն ունեն կրոնական փոքրամասնության կարգավիճակ, որը հնարավորություն է ընձեռնում ԻԻՀ մեջլիսում ունենալ երկու պատգամավոր:

Համայնքային կառույցները մշտապես իրականացնում են մեծ աշխատանք կրթության, հայեցի և հայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև հայ մշակութային արժեքների պահպանության և հանրայնացման ոլորտներում:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում