Քաղաքականություն

Ազգային ժողովի խմբակցությունները կառավարության հրապարակած ծրագիրը դեռ չեն քննարկել

5 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի խմբակցությունները կառավարության հրապարակած ծրագիրը դեռ չեն քննարկել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունները փետրվարի 6-ին կառավարության հրապարակած ծրագիրը դեռ չեն քննարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները:

Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենք կառավարության ծրագիրը, հավանաբար, կքննարկեն փետրվարի 8-ին նախատեսված խմբակցության նիստում:

«Կառավարության ծրագիրը դեռ ինձ չի հասել: Դեռ չենք քննարկել խմբակցությունում, վաղը ժամը 14:00-ին խմբակցության նիստ ունենք, հավանական է, հենց այդ հարցն էլ դրված լինի քննարկման»,- ասաց Հովսեփյանը:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես չի ծանոթացել կառավարության ծրագրին: Մեզ հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նախ ծրագիրը, որքան գիտեմ, Ազգային ժողով դեռևս չի եկել, որովհետև խմբագրական աշխատանքներ կան, իսկ խմբակցությունը դեռևս չի քննարկել այն: Իսկ որևէ բան ծրագրի մասով այս պահին ասել չեմ կարող, ես ինքս անձամբ չեմ նայել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ այս պահին գործադիրի հրապարակած ծրագիրն անհատապես կարդալու փուլում են: ԼՀԿ խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը դեռ ամբողջ ծրագրին չի ծանոթացել, սակայն արդեն շատ հարցեր ունի:

«Կարդում եմ, և ապշած եմ ուղղակի: Այստեղ գրված է, որ ուզում ենք ինչ-որ բան լինի, բայց «ինչպես»-ի ու «ինչու»-ի պատասխաններն, այնուամենայնիվ, չեմ գտնում: Դեռ իմ ոլորտին չեմ հասել, երեկվանից կարդում եմ, շատ մանրամասն նշումներով առաջ եմ գնում: Սոցիալական և առողջապահության ոլորտի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, և չեմ պատկերացնում, թե այս ծրագրով ինչպես պետք է աշխատի կառավարությունը: Խմբակցությունում առայժմ չենք քննարկել, դեռ առանձին-առանձին ուսումնասիրում ենք, որպեսզի քննարկենք և ուրբաթ օրը վերջնական որոշենք, թե ինչ ենք անելու»,- ասաց Գրիգորյանը:

Փետրվարի 6-ին տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց առաջիկա հինգ տարվա իր գործունեության ծրագիրը: Այն կխմբագրվի ու կներկայացվի Ազգային ժողով:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը,
  2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),
  3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),
  4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),
  5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),
  6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա),
  7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),
  8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում