Մշակույթ

Ուսուցիչներից ձևավորված երգչախմբերը Կոմիտասի երգերը կտարածեն ՀՀ մարզերում

2 րոպեի ընթերցում

Ուսուցիչներից ձևավորված երգչախմբերը Կոմիտասի երգերը կտարածեն ՀՀ մարզերում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը կոմիտասյան երգ-երաժշտությունը տարածելու նպատակով նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակում ՀՀ մարզերում ուսուցիչների երգչախմբեր կստեղծվեն, իսկ երգչախմբերի անդամները Կոմիտասի երգերը կսովորեցնեն իրենց աշակերտներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Արթուր Շահնազարյանը խոսեց փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Կոմիտասն ասում էր, որ մենք մեր տան մեջ պետք է երգենք, իսկ օտարն աչք ունի, կտեսնի, ականջ ունի, կլսի: Կոմիտասի անունով ներկայանում է հայ մշակույթը, որը միայն Կոմիտասը չէ, որ ստեղծել է: Այն կերտել է ժողովուրդը, իսկ Կոմիտասն այդ մշակույթը վերադարձրել է մեզ, ուստի մենք այն պետք է վերադարձնենք մեր սերունդներին, երեխաներին»,-նշեց կոմիտասագետը:

Նա շեշտեց, որ ցանկանում են իրականացնել մի ծրագիր, որը հայ ժողովրդին կհիշեցնի այն երգերը, որոնք մարդիկ շատ լավ գիտեն, բայց մոռացել են այդ մասին: Խոսքը Կոմիտասի «Սոնա յար», «Հոյ, Նազան իմ», «Զար գընգը» գործերի մասին է: «Մեր հին ժողովրդական երգը բջիջի պես է: Այն տարածվում է, ապրում, չի մոռացվում»,-ասաց Շահնազարյանը և մեջբերեց Կոմիտասի խոսքը. «Երեխաներին տխուր երգեր պետք չէ սովորեցնել, որովհետև ազգը կկործանվի: Թող աշխույժ, ուրախ երգեր երգեն, որ կարողանան սուր բռնել»:

«Ունենք լավ խմբավարներ, որոնց հանձնարարում ենք մարզերում հավաքել ուսուցիչների երգչախմբեր: Խմբավարը ուսուցիչներին պետք է սովորեցնի Կոմիտասի երգերը: Ուսուցիչներն իրենց հերթին այդ երգերը կսովորեցնեն իրենց աշակերտներին: Առաջին փորձն արդեն արել ենք` համագործակցելով Մխիթար Սեբաստացի կրթօջախի հետ: Այնտեղ խմբավար Հարություն Թոփիկյանը ստեղծել է ուսուցիչների երգչախումբ, որը Հայաստանի շրջաններով շրջում և երգում է մեր հոգևոր երգերը: Կոմիտասն ասել է, որ հայ ժողովրդի մեջ երգերը տարածեցին ու ժողովրդին դաստիարակեցին, հոգեբանությունը փոխեցին ծխական դպրոցի ուսուցիչները, որոնք հայրենի երգը սովորեցրեցին երեխաներին»,-ընդգծեց Շահնազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում