Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Գլոբալիզացիայի դարաշրջանում թվային օրակարգը 2.0» համաժողովին

3 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Գլոբալիզացիայի դարաշրջանում թվային օրակարգը 2.0» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում մասնակցել է «Գլոբալիզացիայի դարաշրջանում թվային օրակարգը 2.0» համաժողովի լիագումար նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, եվրասիական նորարական էկոհամակարգին նվիրված համաժողովին մասնակցել են ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների վարչապետները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը և ՏՏ ոլորտի միջազգային փորձագետներ:

Լիագումար նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել ղազախական կողմին միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Փոխվարչապետի համոզմամբ՝ այս համաժողովը կարևոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս համատեղելու ԵԱՏՄ երկրների ջանքերը՝ ուղղված տնտեսությունների թվայնացմանը և դրանով իսկ դրանց մրցունակության բարձրացմանը: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս թվայնացման ոլորտին և ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:

Իր ելույթում փոխվարչապետը նաև անդրադարձել է առաջիկայում Երևանում մեկնարկող Ինժեներական քաղաքի կառուցմանը, որը կնպաստի նորարարական գաղափարների մշակմանն ու դրանց ներդրմանը ոչ միայն տեղական շուկայում, այլև Հայաստանի սահմաններից դուրս:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ ունի բավականին լավ մշակված ծրագրեր թվայնացման ուղղությամբ, մասնավորապես, հարկային, մաքսային ոլորտներում, ինչը կարող է հիմք հանդիսանալ թվայնացման հետագա զարգացման և այդ ոլորտում ԵԱՏՄ երկրների հետ փորձի փոխանակման համար: ՏՏ ոլորտում կրթությանն անդրադառնալիս Մհեր Գրիգորյանը կարևորել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը, որն արդեն հայկական բրենդ է դարձել ամբողջ աշխարհում: Փոխվարչապետը համաժողովի մասնակիցներին որպես հաջողված փորձ ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս աշակերտներին ուսումնասիրել ռոբոտաշինությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից հրավիրել է համաժողովի հյուրերին և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին, որը տեղի է ունենալու Երևանում այս տարվա հոկտեմբերի 6-9-ը: Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում