Պատգամավորը մտադիր է Հայաստանում ակտիվացնել գիտական դիվանագիտությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի կարծիքով՝ Հայաստանում արտաքին քաղաքականության զարգացման համար կարելի է օգտագործել նաև գիտական ռեսուրսը: Պատգամավորը, օգտագործելով խորհրդարանական հարթակը, պատրաստվում է ակտիվացնել գիտական դիվանագիտությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց օրենսդիրում իր առաջիկա անելիքների մասին:

-Պարոն Գևորգյան, ո՞ր ոլորտում եք պատրաստվում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ:

-Ներգրավված եմ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Դա որոշվել է մասնագիտական կարողությունների շրջանակից ելնելով: Միջազգային պայմանագրերում փոփոխություններ չեն արվում, և այս իմաստով այստեղ անելիքը լրիվ այլ տիպի գործառույթներ է ենթադրում: Կփորձեմ խորամուխ լինել յուրաքանչյուր նոր նախաձեռնության մեջ, ինքս էլ կփորձեմ գույքագրել եղած օրենքներն ու հստակ, կառուցողական քայլեր իրականացնել: Մասնագիտական աշխատանքս սկսել է հենց արտաքին քաղաքականության դաշտում: Ունեմ որոշակի գիտական փորձ, որոնք վերաբերում են միջազգային հարաբերություններին, մասնավորապես համաշխարհային քաղաքականությանը, Մերձավոր Արևելքին։ Եվ այս իմաստով այստեղ կան առանցքային հարցեր, որոնք պետք է անպայման ակտիվացնենք՝ ի շահ ՀՀ արտաքին քաղաքականությանը: Ցանկացած նոր իշխանություն պիտի գույքագրի և գնահատի նախկինում ունեցած ձեռքբերումները: Եվ այս իմաստով պետք է արձանագրենք,որ Հայաստանի արտաքին քաղաքականության շրջանակներում միանշանակ գրանցվել են նաև լավ ու հաջող ձեռքբերումներ՝ այդ թվում մեր ներգրավվածությունը տարբեր նախաձեռնություններում: Չես կարող 21-րդ դարում ապրել՝ կտրված լինելով աշխարհում տարբեր գործընթացներից:

՞նչ քայլեր եք նախատեսում արտաքին քաղաքականության ոլորտում:

-Շատ հետաքրքիր մի ձևաչափ կա արևմուտքում դիվանագիտության շրջանակում, որը կոչվում է գիտական ոլորտի դիվանագիտություն: Այսինքն` դու օգտագործում ես քո պետության ներսում գոյություն ունեցող բոլոր ռեսուրսները։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է մտավոր կարողություններին: Եվ այս իմաստով շատ կարևոր է, որ մենք նաև օգտագործենք Հայաստանում գոյություն ունեցող գիտական հարթակը: Ունենք մի շարք ոլորտներ, որոնցում գրանցել ենք գիտական հաջողություններ:

Եգիպտոսում ունենք հայագիտական կենտրոն: Դա բացառիկ բան է: Փոքրաթիվ համայնք է մնացել, սակայն Կահիրեի համալսարանում ունենք հայագիտական կենտրոն: Եվ նման ռեսուրսների միջոցով կարելի է շեշտադրումը կատարել այն ոլորտների վրա, որոնք ֆիզիկապես չի հասցնում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Այդ կառույցի ծանրաբեռնվածությունը շատ է, և այս առումով խորհրդարանական հարթակը կարելի է օգտագործել: Ցանկացած պետություն իրեն շատ շոյված է զգում, երբ նաև գիտական հարթակում բարձրացնում ես իր պատմության կարևորագույն դրվագների քննարկումը, լուսաբանումը: Լրացուցիչ հարթակ է ստեղծվում, որով արտաքին քաղաքականության մեջ կարելի է կառուցել մեկ այլ առանձին շատ հստակ նպատակներ հետապնդող հենասյուն: Բերեցի շատ փոքր դրվագ արտաքին քաղաքականության զարգացման շրջանակից: Չեմ կարող ասել, թե նախկինում չի եղել նման բան: Սակայն դա եղել է կարճատև և ոչ հետևողական: Իսկ ես առաջարկում եմ, որ լինի ռիթմիկ, հետևողական և անպայման ունենա շարունակական զարգացում:

-Պարոն Գևորգյան, կարևորում եք գիտական դիվանագիտության զարգացումը, դուք ի՞նչ փորձ ունեք գիտության ոլորտում:

-Ավարտել եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, զորակոչվել եմ բանակ, այնուհետև ընդունվել եմ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ որպես ասպիրանտ, հետո գործուղվել եմ Մոսկվա գիտահետազոտական աշխատանք իրականացնելու: Հետո պաշտպանել եմ թեկնածուական թեզ, դասախոսել եմ տարբեր բուհերում, ստացել եմ նաև դոցենտի կոչում, կարճ ժամանակ եղել եմ դեկան: Աշխատել եմ նաև ՊԵԿ-ում:

-Գիտական ոլորտում մեծ փորձ ունեք, ի՞նչը Ձեզ բերեց օրենսդիր:

-Վերջին 2 տարում աշխատել եմ ՀՀ ֆինանսների նախարարի օգնական: Եվ գործադիրում ունենալով որոշակի փորձ` կարծում եմ, որ օրենսդիրում կկարողանամ այդ փորձն ավելի զարգացնել, դարձնել կառուցողական ի շահ մեր պետության բարեկեցության ապահովմանը: Չափազանց շատ եմ կարևորում նաև կրթության ոլորտը: Հուսով եմ նաև,որ այդ հանձնաժողովում կունենամ որոշակի անելիքներ: Իմ համոզմամբ՝ կրթական համակարգը յուրաքանչյուր պետության անվտանգության համակարգի շրջանակում ամենակարևորներից մեկն է: Բարեկիրթ պետությունը նաև բարձր կրթական ցենզ ունեցող պետությունն է: Եվ այս առումով շատ անելիք ունենք:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում