Մշակույթ

Կամերային նվագախմբի «Իտալական մոտիվներ» համերգին հանդես է եկել  դաշնակահար Ռիտա Կուչեն

2 րոպեի ընթերցում

 Կամերային նվագախմբի «Իտալական մոտիվներ» համերգին հանդես է եկել  դաշնակահար Ռիտա Կուչեն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իտալական մոտիվներ» խորագրով համերգային ծրագրում, որը տեղի է ունեցել հունվարի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հնչեցրել է Մոցարտի, Վիվալդիի, Ռեսպիգիի, Ռոսսինիի ստեղծագործությունները։ Մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Միշել Լեգրանի հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյին ելույթ է ունեցել դաշնակահար Ռիտա Կուչեն (Իտալիա), ով որպես մենակատար հանդես է գալիս Իտալիայում և ամբողջ աշխարհում մի շարք կարևոր նվագախմբերի հետ:

«Շատ ուրախ եմ, որ ստացա այստեղ հանդես գալու հրավերը, ուրախ եմ, որ ելույթ ունեցա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Մոցարտն իմ սիրելի կոմպոզիտորն է: Մոցարտի այս կոնցերտը շատ գեղեցիկ է, բայց բարդ գործ է»,-նշել է դաշնակահարուհին:

Երեկոն իրենց ներկայությամբ պատվել են արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնատար այրեր, արվեստագետներ: Միջոցառումն անցել է Կամերայինի տաք և հյուրընկալ լեփ-լեցուն դահլիճում՝ հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո:

Համերգային ծրագիրն իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում