ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը պետք է հնարավորինս տարածի տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով հրավիրելու և քննարկումներ անցկացնելու պրակտիկան: Դա կապահովի գործընթացների թափանցիկությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանի ամբիոնից նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանը` պատասխանելով նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հարցին:
«Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, մասնավորապես՝ դեսպանները, որքանով տեղյակ եմ, նախկինում պարբերաբար հրավիրվել են արտաքին հարաբերությունների հանձնաժողով և քննարկումներ են տեղ ունեցել: Նորանշանակ ներկայացուցիչներն այս պահին որոշակի կարգով կարող են հրավիրվել հանձնաժողով: Կարծում եմ, որ այս պրակտիկան պետք է տարածենք հնարավորինս շատ դիվանագիտական ներկայացուցիչների վրա: Հենց այսպես է ապահովվում գործընթացի թափանցիկությունը»,-նկատեց Ռուբինյանը:
Նա նշեց, որ չնայած ԱԺ-ն չունի դեսպան նշանակելու կամ վետո դնելու լիազորություն, բայց կարող է մեծ դեր խաղալ: «Դեսպանին նշանակողը կգիտակցի, որ այդ մարդը ստիպված է լինելու պատասխանել պատգամավորների հարցերին և կցուցաբերի որակ»,-նշեց Ռուբինյանը:
Նախկինում ՀՀ արտաքին նախարարությունում աշխատելու փորձ ունենալով` նա նշեց, որ փոխել են այն արատավոր պրակտիկան, երբ դեսպանները նշանակվում էին քաղաքական նկատառումներից ելնելով կամ թոշակի գնալու համար: Եվ Ռուբինյանը այժմ կարծում է, որ հանձնաժողովի նպատակներից պետք է լինի այն, որ դրանից հետքայլ չլինի:
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: