Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել ` հիմք ընդունելով պաշտպաններից Արամ Օրբելյանի` դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանը նշեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել` հիմք ընդունելով նախագահող դատավորի և իմ միջև առկա ընկերական կապը, այդ թվում` նախագահող դատավորի որդու հետ բավականին երկար ժամանակ Կապանում ընկերական շփումներ ենք ունեցել և համատեղ մասնացել ենք տարբեր միջոցառումների: Նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, որի ընտանիքի հետ մենք նույնպես ունենք շատ մոտ ընկերական հարաբերություններ: Բացի դրանից, նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են»,-ասաց Օրբելյանը` հավելելով, որ Կապանը փոքր քաղաք է և այդ կապերը տրամաբանական են:
Պաշտպանական կողմը, կասկածի տակ չդնելով դատավորի օբյեկտիվության էլեմենտը, միևնույն ժամանակ կարծում է, որ որոշ մարդկանց մոտ հետագայում կառաջացնի կանխամտածված վերաբերմունք դատավորի նկատմամբ:
«Եթե միջնորդությունը բավարարվեր, եթե գրավը կիրառվեր, դա քննարկման առիթ էր դառնալու և ՀՔԾ կարող էր ևս մեկ անգամ ասել, որ որոշումը ապօրինի է. այդ պատճառով ներկայացվել են նշված փաստերը և դատարանին հայտնել ենք ինքնաբացարկ»,- ասաց Օրբելյանը:
Օրբելյանը նշեց, որ դատական նիստի ժամի մասին կտեղեկացվի հաղորդագրության միջոցով:
Մեղադրանքի կողմը առարկել է միջնորդությանը, նշելով, որ Արամ Օրբելյանը և նախագահող դատավորը ընկերներ չեն:
Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:
Դատարանը միևնույնժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը: