Իրավունք

Դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը չի լուծվի միայն դատավորների թվաքանակն ավելացնելով. Լիլիթ Թադևոսյան

3 րոպեի ընթերցում

Դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը չի լուծվի միայն դատավորների թվաքանակն ավելացնելով. Լիլիթ Թադևոսյան

Դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը շարունակում է մնալ դատական համակարգի առաջ ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը՝ ընդգծելով, որ խնդիրը պահանջում է ոչ միայն կադրային համալրում, այլև համակարգային նոր մեխանիզմների ներդրում։ 

«Այսօր, ցավոք, դատական համակարգի ծանրաբեռնվածությունը շարունակում է մնալ համակարգի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերներից մեկը։ Այս ուղղությամբ պետք է ազնվորեն արձանագրենք, որ վերջին տարիներին լրջագույն ջանքեր են գործադրվել՝ ավելացվել է դատավորների թվակազմը, ստեղծվել է եռաստիճան Հակակոռուպցիոն դատական համակարգ՝ քննությունն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու համար։ Ընդունվել են նոր Քրեական և Քրեադատավարական օրենսգրքեր։ Բայց, միևնույն է, մեզ չի հաջողվել հաղթահարել այս խնդիրը, և դատական համակարգը շարունակում է խիստ ծանրաբեռնված աշխատել»,- նշեց Թադևոսյանը։

Նա ընդգծեց, որ խնդրի լուծումը հնարավոր չէ պատկերացնել միայն դատավորների թվի մեխանիկական ավելացման ճանապարհով․
«Վիճակագրությունը վկայում է, որ դատական գործերի քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ համաչափ կադրային համալրում ապահովելն ուղղակի պրակտիկորեն անհնար է։ Դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետների խախտման խնդիրը ոչ միայն մեզ է բնորոշ, այլև առաջադեմ իրավակարգ ունեցող շատ պետությունների։ Այս մասին վկայում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներ»,-նշեց նա։

Թադևոսյանն անդրադարձա նաև արդարադատության թվայնացման քայլերին՝ ընդգծելով, որ քաղաքացիական արդարադատության ոլորտում արդեն ներդրվել են էլեկտրոնային գործիքներ, և այդ գործընթացը շուտով կկիրառվի նաև վարչական արդարադատության ոլորտում։

«Այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ դրանք դեռևս բավարար չեն  դատական համակարգի ծանրաբեռնվածությունը լիարժեք թոթափելու համար»,- ասաց Վճռաբեկ դատարանի նախագահը։

Թադևոսյանը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ Վճռաբեկ դատարանի աշխատանքի վերաբերյալ։

«Անցած տարի Վճռաբեկ դատարանը, որն այժմ գործում է 27 դատավորի կազմով (մեկ հաստիք մոտ մեկ տարի է՝ թափուր է), քննել է 6400 բողոք։ Իսկ 2025 թվականի միայն առաջին եռամսյակում արդեն ստացվել է 2500 բողոք։ Սա նշանակում է, որ տարվա ընթացքում ակնկալում ենք շուրջ 10 հազար բողոքի քննություն»,-ասաց նա։ 

Վճռաբեկ դատարանի նախագահը շեշտեց, որ պետք է անցնել այլընտրանքային և համալիր լուծումների որոնմանը․
«Այսօր միայն թվակազմ ավելացնելու մոդելը այլևս իրեն չի արդարացնում։ Անհրաժեշտ է զուգահեռ որոնել և կիրառել համակարգային նոր մեխանիզմներ՝ դատական համակարգը բեռնաթափելու համար», – եզրափակեց Լիլիթ Թադևոսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում