Հասարակական

Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման միջադեպի մասնակից Մերուժան Ոսկանյանը ներկայացել է ռազմական ոստիկանություն

4 րոպեի ընթերցում

Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման միջադեպի մասնակից Մերուժան Ոսկանյանը ներկայացել է ռազմական ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման միջադեպի մասնակիցներից Մերուժան Ոսկանյանը ներկայացել է ռազմական ոստիկանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Քիչ առաջ ՌՈ ներկայացավ նաև երեկվա միջադեպի մասնակից Մերուժան Վարուժանի Ոսկանյանը»,- գրել է Հովհաննիսյանը։

2019թ-ի հունվարի 8-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն: Շարունակելով իրենց իրավախախտ գործողությունները՝ նշված անձինք Երևան քաղաքի Շարուրի փողոցում հերթական անգամ նույն եղանակով կանգնեցրել են ավտոբուսը, նրանցից երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները և ներս մտնելով, բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչ Հ.Թ.-ի նկատմամբ, հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ այլ անձինք, քաշելով վարորդ Վ. Մ.-ի հագուստից, դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից:

Փաստի կապակցությամբ 08.01.2019թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ, պարզել է միջադեպի բոլոր մասնակիցների և կասկածյալների ինքնությունը։ Անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Միջադեպից կարճ ժամանակ անց, ՌՈ և ՀՀ ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։

Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ: Անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ վերջինիս և ինքնությունը պարզված, միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպը սանձազերծած բոլոր մասնակիցները հայտնաբերվելու ու օրենքով սահմանված կարգով ենթարկվելու են պատասխանատվության, ինչպես նաև մեկ անգամ ևս կոչ է անում ձեռնպահ մնալ նմանատիպ՝ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներից»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում