Տնտեսություն

Զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է 8,8 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է 8,8 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անցման կետերով Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 8,8 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018 թվականին այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից»,-ասաց նա:

Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով`զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է ժամանել 233 հազար 125 այցելու: Երրորդ տեղում Իրանն է` 132 հազար 839 այցելուով, չորրորդ տեղում ԱՄՆ-ն` 46 հազար 138 այցելուով և հինգերորդ տեղում` Ուկրաինան է` 24 հազար 308 այցելուով:

«2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կտրուկ աճ ապահոված երկրները Հնդկաստանը, Չինաստանն ու Ղազախստանն են` համապատասխանաբար 131, 107 և 83 տոկոս»,-հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում