Տեղադրվում են Գավառի կենտրոնական հրապարակի լուսասյուները
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Վերջին օրերին Գավառի կենտրոնական հրապարակում կատարվում են լուսասյուների տեղադրման աշխատանքներ, որոնցով ավելի գեղեցիկ տեսք է ստանում քաղաքի կենտրոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից, լուսասյուների տեղադրումը հրապարակի ընդհանուր վերակառուցման աշխատանքների մի մասն է կազմում: Աշխատանքները կատարվում են պետական բյուջեից նպատակային հատկացումներիª սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Այս նպատակով հատկացվել է 46 միլիոն 920 հազար դրամ: Նշված գումարի 40 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից, իսկ 60 տոկոսըª Գավառ համայնքի բյուջեից: Աշխատանքներն իրականացնում է «Նիկոլ Դուման» արտադրական կազմակերպությունը: «Նախ տեղադրվում են լուսասյուները, ապա՝ լուսատուները: Հրապարակում լուսասյուների տեղադրումը ոգեւորել է նաեւ բնակիչներին: Նրանք հետեւում են աշխատանքների ընթացքին եւ անհամբեր սպասում դրանց ավարտին, որպեսզի վայելեն Գավառի գիշերային գեղեցկությունը: Տեղադրվելու են թվով 68 լուսասյուներ, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:Կենտրոնական հրապարակում է տեղադրվել նաեւ քաղաքի գլխավոր տոնածառը, որի լույսերը կվառվեն մոտակա օրերին: Մեր քաղաքի կենտրոնն աստիճանաբար գալիս է ամբողջական տեսքի, ու շատ շուտով այն կփայլի իր ողջ շքեղությամբ»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: