Մշակույթ

Երևանում մեկնարկեց հայկական ու եվրոպական մշակութային կազմակերպությունների կապերն ընդլայնող «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեց հայկական ու եվրոպական մշակութային կազմակերպությունների  կապերն ընդլայնող «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի կարևորագույն դրամաշնորհային ծրագրերից մեկը՝ «Ստեղծագործ Եվրոպա»-ն Հայաստանին հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել եվրոպական մշակութային կազմակերպությունների, հիմնադրամների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի մեկնարկն ազդարարվեց դեկտեմբերի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Միջոցառման ընթացքում հայկական ժողովրդական գործեր կատարեցին «Շողակն» համույթը և «Աստղիկ» երաժշտական կենտրոնի սաները:

«Մեր երկիրը տարիներ շարունակ բանակցել է Եվրամիության հետ, որպեսզի մենք անդամակցենք ծրագրին: Այս տարի կարողացանք դա անել: Միացել ենք «Մշակույթ» ենթածրագրին, որը ներառում է մշակույթի բոլոր ճյուղերը, բացառությամբ կինոյի և վիզուալ արվեստների: Դրանք «Մեդիա» ենթածրագրում են»,- նշեց «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ Հայաստանում մշակույթի ֆինանսավորումը կախված է պետական բյուջեից, որը սուղ է: «Բյուջեից մշակույթի ոլորտին տրամադրվում է 2 տոկոսից էլ պակաս, մինչդեռ մշակույթի արտադրությունը ՀՆԱ-ին ավելացնում է 3, 3 տոկոս, հետևաբար, սա շատ հեռանկարային ոլորտ է ոչ միայն հոգևոր արժեքների, այլև տնտեսության զարգացման տեսանկյունից: Զարկ տալ մշակութային արտադրությանն ու կապերին, նշանակում է մեծ ներդրում ունենալ տնտեսության, երկրի և պետության զարգացման ու հանրահռչակման գործում»,- շեշտեց Գրիգորյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը շեշտեց, որ ծրագրին միանալը Հայաստանի մշակութային և ստեղծագործ ոլորտի կազմակերպություններին թույլ է տալիս միջսահմանային համագործակցություն իրականացնել նույն ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի ճարտարապետության, երաժշտարվեստի և մի շարք այլ բնագավառներում:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը եվրոպական հանձնաժողովի շրջանակային ծրագրերից է, որն ուղղված է մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցմանը: 2014-2020 թվականներին ծրագիրը նախատեսում է 1,46 մլրդ եվրոյի չափով ֆինանսական աջակցություն տրամադրել մշակութային և ստեղծարար ոլորտներին՝ ճարտարապետական, արխիվային, գրադարանային և թանգարանային, գեղարվեստական արհեստների, շոշափելի և ոչ նյութական մշակութային ժառանգության, դիզայնի և այլ բնագավառների ամրապնդման և աջակցման համար:

Այն բաղկացած է երկու խոշոր ենթածրագրերից՝ մշակույթ և մեդիա: 2018 թվականից Հայաստանը պաշտոնապես միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի

«Մշակույթ» ենթածրագրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում