Ազգային գրադարանի աշխատակիցները Ստամբուլում հայկական գրքեր են փնտրում ու թվայնացում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային գրադարանի աշխատակիցները Ստամբուլի քաղաքային գրադարանում են՝ հայկական գրքեր փնտրելու, գտնելու և թվայնացնելու նպատակով: Այդ գործում մեծապես աջակցում է «Հրանտ Դինք» հիմնադրամը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը։

«Եթե եվրոպական գրադարանային հավաքածուները մեզ հասանելի են եղել, ապա Թուրքիայի հավաքածուները պատմականորեն փակ են եղել: Հիմա մենք շատ լավ համագործակցություն ենք սկսել Ստամբուլի քաղաքային գրադարանի հետ: Այդ գործում աջակցում է «Հրանտ Դինք» հիմնադրամը: Հենց այս պահին մեր երկու աշխատակիցները գտնվում են այնտեղ: Մեր աշխատակիցները մեկ ու կես տարի առաջ ևս գնացել և գտել են 100 անուն հայերեն գրքեր, որոնք մեզ նախկինում անհայտ են եղել: Հայաստան բերելու իրավունք չունենք, սակայն դրանք բոլորը նկարել ենք և թվայնացրել: Դրանք 1800-ականների գրքեր են: Մատենագետների համար խիստ կարևոր է, որ լրիվ նոր անուններ հայտնվեցին»,-ասաց Զարգարյանը:

Այդ գրքերի մեծ մասը Պոլսի հայ գրողների գրքեր են։ Կան նաև հայատառ թուրքերեն գրքեր, քաղաքական գրքեր: Ազգային գրադարանը նպատակ ունի նաև գտնել աշխարհում հայերի կողմից տպագրված բոլոր «Աստվածաշունչները», գնել ու բերել Հայաստան, իսկ որն էլ հնարավոր չէ գնել, գոնե թվայնացնել ու թվային պատճենները վերցնել: Ստամբուլի գրադարանում մի այդպիսի անհայտ «Աստվածաշունչ» են գտել և թվայնացրել:

Տնօրենը հույս ունի, որ հիմա ևս նոր գրքեր կգտնեն Ստամբուլի գրադարանում: «Երկու շաբաթով են գնում, ժամանակը կարճ է, որքան աշխատեն, աշխատեն: Նրանց հետ կապի մեջ ենք, արդեն իսկ գտել են արժեքավոր գրքեր»,-նշեց նա:

Թվայնացված տարբերակները հասանելի են «Հայ գիրք», «Հայ մամուլ» շտեմարաններում: «Հայ մամուլում» թվայնացրել են ընդհանուր արդեն 3.5 մլն էջ, իսկ «Հայ գրքում»՝ 2 մլն-ից ավելի: Թեև այսօր շատերն են գրքերը կարդում էլեկտրոնային տարբերակով, սակայն գրադարանի այցելուների թիվը չի նվազել: Զարգարյանի կարծիքով՝ գրադարաններն ընդհանրապես միայն ընթերցելու վայր չեն, այլ հանգիստ ընթերցելու վայր: «Եվ մեր ընթերցասրահի պայմանները շատ լավն են: Ընթերցողների թիվն ավելացել է վիրտուալ հարթակում ընթերցողների հաշվին: Նկատում ենք, որ մեր թվայնացված գրքերը կարդում են նաև Ճապոնիայում, Չինաստանում»,-ասաց տնօրենը:

Նա նշեց, որ հեղինակային իրավունքը թույլ է տալիս գիրքը թվայնացնել գրողի մահից 70 տարի հետո: Հիմա գրադարանը թվայնացնում է 1512-1950-ականների գրքերը: Երբ հասնեն այդ սահմանին, թվայնացման համար արդեն թույլտվություն պետք է ստանան հեղինակների ժառանգներից:

Ազգային գրադարանի տնօրենը նկատում է, որ մեծ է հատկապես հայերեն լույս տեսած գեղարվեստական գրականության պահանջարկը, դրան հաջորդում է հասարակագիտական բլոկը: Ընթերցողներին այնքան էլ չեն հետաքրքրում ճշգրիտ գիտությունները:

Գրադարանը փետրվար ամսին կպատրաստի նաև «Նորահայտ անուններ» հրատարակություն: Դրանում կլինեն այն մամուլն ու գրքերը, որոնք մատենագիտական ոչ մի ցանկերում չեն եղել: Ստամբուլում գտած գրքերը ևս տպագրվելու են դրանում, որպեսզի չկորչեն:

Գրադարանն էլեկտրոնային աճուրդներից ևս բավականին հետաքրքիր գրքեր է ձեռք բերում: «Այդ եղանակով ձեռք ենք բերել «Աստվածաշունչ», հայատառ թուրքերեն գրքեր: Ունենում ենք նաև շատ նվիրատվություններ: Վերջերս Բեյրութից ստացանք 3-4 գիրք՝ անձնական գրադարանից: Նոր Ջուղայի հայերն են շատ գրքեր բերում մեզ»,-պատմեց տնօրենը:

ՀՀ ազգային գրադարանի գրադարանային հավաքածուն մոտ 6.5 մլն է: Հիմա ռուսերեն ֆոնդի հաշվառում են իրականացնում: Տարեկան 2.5-3 հազար նոր ընթերցող է գրանցվում գրադարանում: Իսկ ընթերցողների քարտարանում գրանցված է 30 հազարից ավելի ընթերցող: Օրական Ազգային գրադարան է մտնում 500-800 ընթերցող:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն