Մարզային

Դպրաբակ գյուղում նշվեց Գարդման աշխարհից տեղահանվածների վերաբնակեցման 30 տարին

5 րոպեի ընթերցում

Դպրաբակ գյուղում նշվեց Գարդման աշխարհից տեղահանվածների վերաբնակեցման 30 տարին

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ գյուղում հանդիսավորությամբ նշվեց 1988 թվականի պատմական հայտնի իրադարձությունների արդյունքում Գարդմանք աշխարհից տեղահանված հայ բնակչությանը Ճամբարակ, Անտառամեջ, Կալավան-Բարեպատ, Այգուտ, Ձորավանք, Դպրաբակ բնակավայրերում վերաբնակեցնելու 30-ամյակը: Միջոցառմանը մասնակցեցին նաեւ մայրաքաղաքից հրավիրված հյուրեր, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, համայնքի ավագանու եւ համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, հյուրերին գարդմանցիները դիմավորեցին աղ ու հացով: Օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը իրենց գեղարվեստական կատարումներով բովանդակություն հաղորդեցին Դպրաբակ բնակավայրի դպրոցի երգի-պարի խմբերը: Համայնքային ռեսուրս-կենտրոնի հարակից տարածքում տաղավարների միջոցով դպրոցականները ցուցադրեցին իրենց ձեռագործ եւ նկարչական աշխատանքները, հյուրերին հրավիրեցին առանձին տաղավարներ` ազգային ավանդական ուտեստներ ու քաղցրավենիքներ համտեսելու: Միջոցառամանը ներկա գտնվողները դիտեցին ներկայացված աշխատանքները, զրուցեցին դրանց հեղինակների եւ բնակիչների հետ: Տոնակատարության հանդիսավոր մասն ուղեկցվեց Գարդման աշխարհի մասին պատմող բազմահարուստ տեղեկությունների ներկայացմամբ, տարբեր ելույթների եւ կատարումների ուղեկցությամբ:

«Աստծո ամեն առավոտ Ճամբարակում, Անտառամեջում, Կալավան-Բարեպատում, Այգուտում, Ձորավանքում, Դպրաբակում, մեր համայնքից դուրս բնակվող նախկին գարդմանցիները ոչ մի ակնթարթ չեն մոռանում իրենց հայրենի բնօրրանը, այնտեղ թողած տներն ու այգիները, սրբազան շիրիմները, թանկագին հիշողությունները՝ հիշողություններ, որ նրանք արյան կանչով փոխանցում են իրենց սերունդներին: Ուրախ եմ այս հիշարժան օրը ձեզ հետ լինելու եւ հաճելի զգացողություններ ապրելու համար: Ես խոնարհվում եմ Արցախյան ազատամարտի համար նահատակված մեր քաջորդիների հիշատակի առաջ եւ շնորհակալություն հայտնում նրանց, ովքեր 30 տարիների ընթացքում մեր բնակավայրերում ձեւավորված լավ ու բարի ավանդույթների կրողն ու փոխանցողն են դարձել: Մենք դեռ լիահույս ենք, որ պատմության թափանիվը մի գեղեցիկ օր մեր գիրկը կվերադարձնի մեր չքնաղ Գարդմանը, Արծվաշենը, որը դեռեւս շատ ամուր է նստած մեր համայնքում վերահաստատված հազարավոր բնակիչների հոգիներում»,- գարդմանցիներին հղած ուղերձում նշեց համայնքի ղեկավարի տեղակալը:

Գարդման աշխարհից տեղահանվածների վերաբնակեցման 30-ամյակի, ինչպես նաեւ մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած զգալի ավանդի համար համայնքի ղեկավարի շնորհակալագրեր հանձնվեցին Այգուտի, Դպրաբակի, Ձորավանքի, Անտառամեջի, Կալավանի դպրոցի մանկավարժական կոլեկտիվներին:

Միջոցառումն ընթացավ ուրախ երգ ու պարի, բեմական ներկայացումների մթնոլորտում եւ հյուրասիրությամբ: Այն եզրափակվեց հրավառությամբ:

«Գարդմանցիները տարածվել են Հայաստանով մեկ կամ նրա սահմաններից դուրս, բայց նրանց հիմնական կորիզը մնում է Ճամբարակ համայնքի բնակավայրերում, որտեղ արդեն նկատվում է բնակչության ու տնտեսությունների աճ: Այսպես, Այգուտի 913 բնակիչներից 790-ը,Դպրաբակի բնակիչներից 561-ից 435-ը, Կալավան-Բարեպատի բնակիչներից 245 -ից 184-ը, Անտառամեջի բնակիչներից 161-ից 136-ը, Ձորավանքի բնակիչներից 185-ից 147-ը ծագումով գարդմանցիներ են: Նրանք արդեն Գետիկի ձորը դարձրել են իրենց հայրենի եզերքը ու երեսուն տարի անընդմեջ կառուցում են իրենց նոր հայրենիքը: Նրանք մասնակցել են Ճամբարակի սահմանների պաշտպանությանը 1992-94 թվականների ռազմական գործողությունների ընթացքում, Արցախյան ազատամարտին ու Ապրիլյան հերոսամարտին: Նրանք հայրենիքին տալիս են զինվորներ, մտավորականներ, բժիշկներ, մանկավարժներ, երկրագործներ, անխոնջ նվիրումով շարունակում են արարումը՝ պահպանելով հայրենի Գարդմանի բարբառը եւ հնամենի սովորույթները: Մեր համայնքում նրանք կերտում են մի նոր Գարդման, որը մոտ ապագայում դառնալու է ավելի բազմամարդ ու հզոր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Օհանյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում