Պաշտոնական

Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդունեց «Էկոտեխպրոմ» ընկերության տնօրենին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդունեց «Էկոտեխպրոմ» ընկերության տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Սոպինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էր նաև Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքին, և Հայաստանում ստեղծվում են առավալագույնս բարենպաստ պայմաններ ներդրումներ կատարելու համար:

Սերգեյ Սոպինը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ մտադրված են Հայաստանում խոշոր ներդրում կատարել և ստեղծել արդյունաբերական համալիր, որը կարտադրի կալցինացված սոդա, կերակրի ու տեխնիկական աղ, և ապակիներ, իսկ արտադրանքը կարտահանվի Ռուսաստան և այլ երկրներ:

Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Էկոտեխպրոմի» և «Բիզնես Արմենիայի» միջև: Ըստ փոխընբռնման հուշագրի՝ «Էկոտեխպրոմը» մտադրված է կատարել 285 - 340 մլն ԱՄՆ դոլարի ներդրում Հայաստանում և կառուցել արդյունաբերական համալիր: Համալիրի նախագծման աշխատանքները կսկսվեն 2019թ. և ավարտին կհասցվեն 2022թ.: Երեք գործարանից կազմված արդյունաբերական համալիրը կզբաղեցնի 100 հեկտար տարածք, և արդյունքում կստեղծվի շուրջ 1100-1200 աշխատատեղ։

Ստորագրման արարողությունից հետո Տիգրան Ավինյանը նշեց, որ հատկապես մյուս տարվանից նմանատիպ խոշոր ծրագրերը երկրում գնալով ավելանալու են: Նա ասաց, որ ներդրումային միջավայրը Հայաստանում զգալիորեն բարելավվել է և շարունակելու է բարելավվել հարկային քաղաքականության բարեփոխումների, բյուրոկրատական խոչընդոտների վերացման և այլ միջոցառումների շնորհիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում