Հասարակական

Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարություններն ստորագրել են 2019թ. երկկողմ համագործակցության ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարություններն ստորագրել են 2019թ. երկկողմ համագործակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 29-ից 30-ը ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տարածաշրջանային նախաձեռնությունների վարչության պետ Դանիելա Գրիգորովայի համանախագահությամբ անցկացվել են հայ-բուլղարական երկկողմ համագործակցության խորհրդակցություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող միջազգային զարգացումների վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության հեռանկարները:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների 2019 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը, որը ներառում է 9 միջոցառում խաղաղապահության, ռազմական բժշկության, ռազմական ոստիկանության, անձնակազմի պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում