Ազատանում ներկայացվեց տեղի հայերի և եզդիների մշակույթի յուրահատկությունը
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ավանդական մշակույթը որպես միջէթնիկ հասարակության զարգացման միջոց» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 25-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում ներկայացվեց հայ և եզդի ազգերի մշակույթները ներկայացնող համատեղ համերգ: Իրենց ազգային երգն ու պարը ներկայացրեցին ինչպես Ազատանի, այնպես էլ Արմավիրից եկած եզդիները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համայնքի ընտրությունը պատահական չէր. հենց Ազատանը մարզի եզդի ամենամեծ համայնքն ունեցող գյուղն է: Շուրջ երեք ամիս տևողությամբ ծրագրի նպատակը Ազատան համայնքում բազմէթնիկ հասարակության զարգացմանը նպաստող յուրահատուկ միջոցների մշակումն ու կյանքի կոչումն էր: Հիմք ընդունելով էթնիկական հանրույթների ինստիտուցիոնալ, միջխմբային և միջանձնային ուսումնասիրության տարբեր մակարդակներից բխող հիմնադրույթները՝ կարևորվել են այդ խմբերում ներառված մարդկանց ազգային ինքնության ընկալումների հստակությունն ու համարժեքությունը իրականին:
«2018թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ուսումնասիրվել է համայնքի հայ եւ եզդի էթնիկ խմբերի ավանդական մշակույթը՝ բանահյուսություն, ազգագրություն, զբաղմունքներ եւ այլն, կազմակերպվել են բանահավաք արշավախմբեր, հավաքված նյութը մշակվել եւ ուսանելի է դարձվել հատկապես պատանիների համար: Անցկացվել են հանդիպումներ, որոնց հիմնական խնդիրը օժտված երեխաների եւ պատանիների ճիշտ ուղղորդումն ու բնատուր ընդունակությունների զարգացումն է: Հստակ մշակված մեթոդաբանության արդյունքում գյուղում գործող ավանդական երգի-պարի խմբակներում ընդգրկվել են տեղային ավանդական մշակույթի նմուշներ: Պարբերաբար կազմակերպվելու են հայ-եզդիական ավանդական մշակույթի օրացուցային եւ ազատ միջոցառումներ, նաեւ շրջագայություններ»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի աշխատանքները համակարգող Հասմիկ Հարությունյանը:
Ծրագիրն իրականացրել է «Հաջողակ ուղի» ՀԿ-ն՝ Գյումրու «Ա.Դ.Սախարովի անվան մարդուիրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, Գյումրու Ք.Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի աջակցությամբ:
Արմենուհի Մխոյան