ՀԱՊԿ քարտուղարի թեկնածության թնջուկը՝ շահերի բախման արդյունք

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ 6 երկրների ղեկավարները ստորագրեցին կառույցի գործունեությանը վերաբերող շուրջ 16 փաստաթուղթ: Եթե փաստաթղթերի հարցում կողմերը կարողացան գալ կոնսենսունսի, ապա գագաթնաժողովի օրակարգի առանցքային հարցի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության խնդրի շուրջ կարծիքները բաժանվեցին:

ՀԱՊԿ-ում 2015թ.-ից գործում է գլխավոր քարտուղարի նշանակման ռոտացիոն համակարգը՝ 3 տարի ժամկետով՝ ըստ այբբենական հերթականության: Այս սկզբունքով 2016թ. մայիսից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովը: Սակայն Խաչատուրովի նկատմամբ սկսված դատական գործընթացի հետ կապված՝ հայկական կողմը նախաձեռնեց նրա փոփոխության գործընթաց: Սակայն, քանի որ կառույցի կանոնադրական մարմինների գործունեության իրավական կարգավորումները չեն սահմանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի մեխանիզմ, հայկական կողմը սկսեց Խաչատուրովի փոխարինման գործընթաց՝ ակտիվ խորհրդակցություններ նախաձեռնելով կառույցի մյուս անդամ երկրների հետ: Իրավական առումով իրավիճակը խնդրահարույց է: ՀԱՊԿ կանոնադրական մարմինների գործունեության իրավական կարգավորումներում որևէ կերպ հստակեցված չէ՝ քարտուղարին վաղաժամ պաշտոնից ազատելու դեպքում այդ պաշտոնի քվոտան մնում է նույն երկրին, թե անցնում է հաջորդին՝ ըստ այբբենական հերթականության: Ստեղծված իրավիճակում բնական է, որ Հայաստանը ցանկանում է պահպանել քվոտան՝ Յ. Խաչատուրովին փոխարինելով Հայաստանի մեկ այլ ներկայացուցչով, որի հավանական թեկնածու է դիտարկվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Սակայն ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ այլ մոտեցում որդեգրեցին և գտնում են, որ գլխավոր քարտուղարի վաղաժամ ազատումից հետո քվոտան ռոտացիոն կարգով պետք է փոխանցվի Բելառուսին: Ավելին՝ արդեն շրջանառվում է հնարավոր թեկնածուի անունը՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը, ով որոշակի կապեր ունի Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի հետ:

Այլ կերպ ասած՝ ՀԱՊԿ-ի իրավական նորմերում առկա բացերը ստեղծել են մի իրավիճակ, երբ խնդրի կարգավորումը դարձել է անդամ երկրների քաղաքական շահերի բախման առարկա: Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ն իրենից ներկայացնում է Ռուսաստանի հետ յուրաքանչյուր անդամ երկրի ռազմաքաղաքական հարաբերություններն ամբողջացնող մի պրոյեկցիա, որտեղ տարբեր խնդիրների հետ կապված անդամ երկրները շահերը շատ հաճախ ոչ միայն չեն համընկնում, այլև երբեմն անգամ հակադրվում են: Հայաստանի կողմից բազմիցս բարձրաձայնվել է ռազմաքաղաքական այդ կառույցի ներսում քաղաքական փոխգործակցության արդյունավետության խնդիրների մասին: Արդյունավետության պակասը դրսևորվում է թե՛ տարբեր խնդիրների շուրջ անդամ երկրների դիրքորոշումներում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում քվեարկությունների ժամանակ: Այս համատեքստում ակնհայտ է նաև ՀԱՊԿ որոշ անդամների, օրինակ՝ Ղազախստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանի հետ իրականացվող սերտ փոխգործակցությունը, այդ թվում՝ քաղաքական և ռազմական ոլորտում: Անշուշտ, այս ամենն առաջացնում է հարցեր, և ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակը ևս պետք է դիտարկել շահերի բախման այդ համատեքստում: Հայկական կողմը հանդես է գալիս այն մոտեցմամբ, որ Հայաստանի քաղաքացին պետք է շարունակի Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը մինչև 2020թ: Բելառուսը և Ղազախստանը հանդես են գալիս քվոտան Բելառուսի ներկայացուցչին փոխանցելու օգտին: Ղրղստանի և Տաջիկստանի դիրքորոշման մասով հստակություն չկա, այնուամենայնիվ, միանշանակ է, որ նրանք ևս ունեն իրեն մոտեցումները, որոնց մասին կարելի է ենթադրել՝ հաշվի առնելով նրանց տարածաշրջանային շահերը: Ինչ վերաբերում է կառույցի առանցքային անդամին՝ Ռուսաստանին, ապա, ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների՝ ռուսական կողմը առաջ է քաշել այսպես կոչված կոմպրոմիսային տարբերակ՝ առաջարկելով քարտուղարի պաշտոնակատար նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ գեներալ Վալերի Սեմերնիկովին: Մոտեցումների նման բազմազանության և կողմերից յուրաքանչյուրի սկզբունքայնության պատճառով էլ Աստանայում մի քանի ժամ տևած թեժ քննարկումներում հնարավոր չեղավ հասնել փոխհամաձայնության և խնդիրը տեղափոխվեց դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման օրակարգ:

Ամփոփելով կարող ենք նշել, որ ՀԱՊԿ հաջորդ քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված թնջուկն, ըստ էության, վկայում է, որ ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմաքաղաքական միավոր դեռ կայացման երկար ճանապարհ ունի անցնելու, այդ թվում՝ կատարելագործելով իր իրավական կարգավորմները: Միևնույն ժամանակ որոշման ընդունման հետաձգումը վկայում է, որ անկախ առանձին երկրների կողմից գործադրված ճնշումներից՝ հայկական կողմը հեշտությամբ չի զիջել իր դիրքերը՝ պաշտպանելով իր շահերը: Անկախ պետերբուրգյան հանդիպման արդյունքից՝ բավական կարևոր է, որ խնդիրը չդառնա հնարավոր քաղաքական մանիպուլյացիաների առարկա, քանզի նմանատիպ շահարկումները կարող են ստվերել թե՛ Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը, թե՛ հայ-ռուսական հարաբերությունները:

Նարեկ Մինասյան

Հայերեն

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան