Բաքուն պետք է դուրս գա իր պատմական կաղապարից. Շահան Գանտահարյանի հոդվածը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծի կամ Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան պետական սահմանի ուղղություններով Բաքվի թափանցման գործողությունների եւ կրակոցների համեմատական մեղմացումը առաջին հայացքից կարող է կապվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ եղած խոսակցության եւ ապա հայտարարված պայմանավորվածության ու դրան հետեւած գործնական կապին` հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու առումով: Այս գործընթացներին առընթեր Բաքուն գերիների փոխանակման առաջարկին տվեց հրապարակային բնույթ` խաղաղասիրական նախաձեռնություն իրականացնելու իմիտացիա ստեղծելով:

Ռազմական հարթության վրա շարունակվող մշտադիտարկումները ունեն նաեւ քաղաքական բաժին` այնտեղ նկատելու համար հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ կապեր հաստատելու ցանկությունների բարձրաձայնումով: Դժվար պիտի լիներ այդ բոլորին զուտ հասարակական բնութագիր տալ` ասելու համար, որ նրանք քաղաքական նպատակ չունեն եւ որեւե ձեւով այս կամ այն պետության քաղաքականության պարունակում չեն դիտարկվում:

Զոյա Թադեւոսյանի արցախյան տարածքներ հանձնելու հայտարարությունից անցնելով պաշտոնաթող դեսպան Միլսի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի բարձրաձայնմանը, հասնելու համար ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման փոխկապակցության տեսակետի փոխանցմանը` երեւույթները հասարակական ընդհանուր մթնոլորտ ստեղծելու միտումների նախադրյալներ են պարզում:

Հետեւաբար, պատահական չեն ներհասարակական համարձակ ցանկություն-առաջադրանքների հրապարակումները այս կամ այն քաղաքացիական գործչի, ֆեյսբուքի օգտատիրոջ կողմից:

Հակամարտությունների ապառազմականացման կոչը հնչեց նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Հայտարարությունը օրինաչափ է այն առումով, որ հայկական կողմը, հետեւողականորեն դատապարտելով ադրբեջանական հարձակողապաշտությունը, միացել է միջազգային հանրության ընդգծած առաջադրանքին` բացառելու համար ուժի կիրառումը եւ ընդգծելով հարցի խաղաղ կարգավորումը:

Վարչապետ Փաշինյանի մոտեցումը` չսեփականաշնորհելու հարցի լուծումը, այլ պայմանավորելու` համաժողովրդային հանրաքվեներով, ակնարկ էր վերապահել ուղղակի-անուղղակի, որ հարցի երկկողմանի լուծման համար նաեւ Ադրբեջանի ժողովուրդը պետք է կամարտահայտվի: Չսեփականաշնորհելով հարցի կարգավորման լուծումը` անուղղակի կոչ է նաեւ պաշտոնական Բաքվին` չսեփականաշնորհելու լուծման տարբերակի միակողմանի ընդունումը:

Իսկ եթե ժողովուրդներին է վերապահվում լուծման տարբերակի շուրջ համաձայնելը, ապա ուրեմն նոր գործընթաց է սկսվում հասարակությունում անհանդուրժողականության վերացման նպատակով:

Իրադրային նախադրյալները նախանշում են, որ ընդհանուր այս մթնոլորտում չի բացառվում, որ հայտնվեն հայ-ադրբեջանական հաշտեցման հանձնաժողովներ, որոնք աշխատեն «պատմական կաղապարներից» դուրս բերել երկու ժողովուրդներին:

Արցախի հարցի ուղղությամբ պատմական կաղապարից դուրս գալը հայկական կողմի համար նշանակում է թեւակոխել երկրորդ փուլ՝ այս անգամ դուրս գալ դեպի Թուրքիա ձեւավորված պատմական կաղապարից, ինչը պարզ տեսքով համազոր է Բոլթոնի կատարած հարցերի փոխկապակցվածության առարկայացմանը:

Ժողովուրդների մոտ թշնամական մոտեցումների եւ անհանդուրժողականության չեզոքացումը անհրաժեշտ է, որ այն ընթանա բանակցային գործընթացին զուգահեռ: Պայմանով սակայն, որ զուգահեռ` այդ ուղղությամբ գործնական, համոզիչ գործողություններ կատարվեն: Թալիշի ռազմական հանցագործները արդարադատության հանձնվեն, կացնահարողները պատժվելու փոխարեն չհերոսանան եւ պարզապես Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը հարգվեն եւ չարգելակվեն:

Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ հայկական ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի «պատմական տարածքներից»: Այս դեպքում Ալիեւի կողմից պատմական բնութագրումը հետաքրքրական է: Այստեղ արդեն Բոլթոնին պետք է վկայակոչել` գիտակցելու համար, որ Ադրբեջանը պետք է դուրս գա իր «պատմական կաղապարներից» եւ բաց աչքերով տեսնի այդ տարածքների Արցախի պատկանելիությունը:

Շահան Գանտահարյան

Հայերեն

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին