Տնտեսություն

Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ ստվերային այգիները բերվելու են օրինական դաշտ

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ ստվերային այգիները բերվելու են օրինական դաշտ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը՝ ստվերային այգիները կբերվեն օրինական դաշտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նա հավաստիացրեց, որ այս գործընթացում կշահեն բոլորը, և, ամենակարևորը, կշահի մեր երկիրը: «Սևանից հավելյալ ջրառի պարագայում մենք ևս խնայողություններ կանենք»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ գործընթացում չի բացառում նաև որոշակի քրեական գործերի հարուցումը:

Ֆեյսբուքյան իր էջում Տիգրան Ավինյանը գրառում էր կատարել՝ կից լուսանկարով, որտեղ նշում էր, որ ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը ստվերային այգիներն են, որոնք փաստացի ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։

Լուսանկարում փոխվարչապետը ներկայացրել էր փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ «Սա իմ գրասենյակի և մի մասնավոր հետազոտողի համագործակցության արդյունքն է:

Կապույտ ստվերագծերով այն հողերն են, որոնք փաստացի ոռոգվում են, իսկսևերով՝ այն հողերը, որոնց համար ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր։

Այս աշխատանքի արդյունքում ստվերային այգիները կբացահայտվեն և կստանան համապատասխան գրանցում, ինչի արդյունքում կստանանք ոռոգվող հողատարածքների իրական պատկերը»,-նշեց նա:

Ավինյանն ընդգծեց նաև, որ հրապարակված լուսանկարը Արմավիրի մարզից էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում