Մշակույթ

Դաշնակահար Յուրի Հայրապետյանի 85-ամյակը կնշանավորվի միջազգային երաժշտական փառատոնով

2 րոպեի ընթերցում

Դաշնակահար Յուրի Հայրապետյանի 85-ամյակը կնշանավորվի միջազգային երաժշտական փառատոնով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ականավոր դաշնակահար և մանկավարժ Յուրի Հայրապետյանի 85-ամյակի կապակցությամբ միջազգային երաժշտական փառատոն կանցկացվի: «Յուրի Հայրապետյան 85» փառատոնը կյանքի կկոչվի նոյեմբերի 3-7-ը Երևանի տարբեր համերգասրահներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոբելյանական միջոցառումների շրջանակում սպասվում են սիմֆոնիկ և կամերային համերգներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունաստանից Հայաստան ժամանած նշանավոր երաժիշտների մասնակցությամբ, վարպետության դասեր, որոնք կվարի անձամբ Յուրի Հայրապետյանը, երաժշտագիտական սեմինար, ունկնդրումներ և այլն:

Նախագծի հատուկ հյուրն է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որը սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի նվագակցությամբ, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ ելույթ կունենա փառատոնի փակման հանդիսավոր համերգին: Այն տեղի կունենա նոյեմբերի 6-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Յուրի Հայրապետյան 85» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան՝ ՀՀ Մշակույթի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում