Հասարակական

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջանների համայնքներ

6 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջանների համայնքներ

ԳԱՎԱՌ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Վերին Գետաշեն, Մարտունի, Աստղաձոր, Վարդենիկ, Արծվանիստ, Վարդենիս, Ակունք եւ Գեղամասար համայնքներ: Վերին Գետաշենում մարզպետը ծանոթացավ թիվ 1 միջնակարգ դպրոցում ստեղծված արտակարգ իրավիճակին, որն առաջացել էր հոկտեմբերի 25-ի առավոտյան եւ քամու պատճառած վնասների հետեւանքների վերացման նպատակով տվեց համապատասխան հանձնարարականներ:

Մարտունի քաղաքում մարզպետը քաղաքապետ Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքները Գեւորգ Զիրոյան, Մյասնիկյան, Պռոշյան, Թումանյան եւ Մխիթար Հերացի փողոցներում, որոնք իրականացվել են այս տարվա ընթացքում, սուբվենցիոն ծրագրերով, ինչի արդյունքում ասֆալտապատվել է 7720 քառակուսի մետր ճանապարհ, 1340 քառակուսի մետր մայթեր: Մարզպետը քաղաքապետի հետ քննարկեց նաեւ Մարտունի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորման հետ կապված մի շարք հարցեր: Աստղաձորում մարզպետը ծանոթացավ տեղի միջնակարգ դպրոցի շենքային պայմաններին եւ տանիքի հիմնանորոգման խնդրին, որը նախատեսվում է իրականացնել հաստատության տնտեսված միջոցների հաշվին: Վարդենիկում մարզպետն այցելեց «Սարերի բարիք» ձեռնարկություն եւ թիվ 1 հիմնական դպրոց: «Սարերի բարիք» ձեռնարկությունում, ինչպես ներկայացրեց ձեռնարկատեր Արտուշ Խաչատրյանը, որոշակի առաջընթաց ու ձեռքբերումներ են նկատվել թե՛ աշխատատեղերի ստեղծման, թե՛ արտադրության տեսականու ավելացման, նոր նախաձեռնությունների ներդրման առումներով:

Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցում մարզպետին ներկայացվեցին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնք նախատեսվում է իրականացնել հաստատության տնտեսված միջոցների հաշվին:Վարդենիկի համայնքապետարանում մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի եւ համամայնքապետարանի աշխատակազմի հետ՝ քննարկելով աշխատանքային մի շարք ընթացիկ հարցեր: Արծվանիստ գյուղում մարզպետը ծանոթացավ ներհամայնքային կենտրոնական ճանապարհի անբարեկարգ վիճակին: Ինչպես ներկայացրեց համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը՝ մոտ 3,5 կիլոմետր երկարություն ունեցող կենտրոնական ճանապարհը չի հիմնանորոգվել մի քանի տասնամյակ վաղեմությամբ եւ շահագործվում է մեծ դժվարությամբ: Ակունքի միջնակարգ դպրոցում որպես առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր ներկայացվեց շենքի ջեռուցման համակարգի անկանոն աշխատանքը, որի վերացման համար հարկավոր է կատարել վերակառուցում հաստատության տնտեսած միջոցների հաշվին:

Վարդենիսի եւ Գեղամասարի համայնքապետարաններում Գնել Սանոսյանը ճանաչողական հանդիպումներ ունեցավ եւ խորհրդակցություններ անցկացրեց Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ՝ Վարդենիս եւ Գեղամասար խոշորացված համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Մարզպետը նրանց կոչ արեց՝ դրսեւորել բավարար պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ, ամբողջությամբ հավաքագրել տեղական բյուջեների սեփական եկամուտները, դրանք ծախսել նպատակային ու արդյունավետ, գործել միայն պարտքի գիտակցումով, օրենքի եւ օրինականության դաշտում:«Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է, որ մեր հայրենիքի վերաշինման գործում ինքը մեծ դեր ունի: Իսկ մենք պետք է հաշվի նստենք նոր իրողությունների հետ, գործենք նորովի, հասկանանք, որ մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդու հոգսը ընդհանուրիս հոգսն է: Տարբեր գերատեսչություններում ստացվող դիմումների մեծ քանակությունը փաստում է, որ տվյալ համայնքի իշխանությունը մատնված է անգործության, եւ հակառակը, որ համայնքից որ դիմուներ չեն հղվում գերատեսչություններ, այնտեղ նկատվում է կազմակերպված ու կանոնավոր աշխատանք :

Ձեր ղեկավարած համայնքներում անչափ շատ են կուտակված հիմնախնդիրները, իսկ սեփական եկամուտների հավաքագրման, հողի վարձակալության գումարների գանձման ցուցանիշները՝ շատ ցածր: Մինչ տարեվերջ մեզ շատ կարճ ժամանակ է մնում՝ իրավիճակը շտկելու համար, ուստի կոչ եմ անում՝ սեղմ ժամկետներում ամբողջությամբ հավաքագրել սեփական եկամուտները, որպեսզի եկող տարում մենք կարողանանք այս տարածաշրջանում կյանքի կոչել սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության բազմազան ու բազմաթիվ ծրագրեր»,-ներկաներին դիմեց մարզպետը: Տարբեր համայնքների կողմից բարձրացվեցին զանազան հիմնախնդիրներ՝ կապված ճանապարհաշինության, դպրոցաշինության, ոռոգման ու խմելու ջրի մատակարարման, նախադպրոցական հիմնարկների աշխատանքի եւ այլ հարցերի հետ: Պատասխանելով բարձրացված հարցերին՝ մարզպետը նշեց, որ դրանք արձանագրվում են իրենց կողմից, որոնք կուսումնասիրվեն լրացուցիչ եւ քայլ առ քայլ կստանան իրենց համարժեք լուծումները:

Վարդենիս քաղաքում Գնել Սանոսյանն այցելեց առանց համապատասխան փաստաթղթերի իրականացվող շինարարության վայր՝ տեղում կասեցնելով ապօրինի շինարարության դեպքը: Շինարարության պատասխանատուին մարզպետն առաջարկեց՝ մինչեւ համապատասխան փաստաթղթերի եւ շինթույլտվության ձեռքբերումը չշարունակել շինարարությունը: Ամփոփելով այցի արդյունքները՝ մարզպետն այն գնահատեց հագեցած ու արդյունավետ:«Վեր հանված բոլոր հիմնախնդիրները կքննարկվեն կետ առ կետ ու կստանան իրենց համարժեք լուծումները, իսկ արդյունքները կլինեն տեսանելի: Մենք հավատով ենք լցված մեր աշխատանքի, մեր ուժերի, մեր վաղվա օրվա նկատմամբ»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում