Ում կհաջողվի ստանալ Վրաստանի ժողովրդի վստահության քվեն

14 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հարևան Վրաստանը նախապատրաստվում է նախագահական ընտրությունների անցկացմանը, որը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 28-ին։ Եթե մինչ օգոստոսի վերջը հիմնական քաղաքական ինտրիգն այն էր` արդյոք իշխող թիմը կառաջադրի թեկնածու, թե ոչ, ապա այժմ քննարկվում է երկրորդ փուլի անցկացման հարցը:

Հատկանշական է, որ 2018թ. գարնանը հաստատված սահմանադրական փոփոխությունների (ուժի մեջ կմտնեն նախագահական ընտրություններից հետո) համաձայն՝ նախագահական այս ընտրությունները վերջին համաժողովրդական ընտրություններն են, և հետագայում Վրաստանի նախագահները պետք է ընտրվեն 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից: Ըստ Սահմանադրության բարեփոխումների՝ Վրաստանն անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ պետության ղեկավարի լիազորությունները զգալիորեն կրճատվում են, իսկ խորհրդարանինը՝ ընդլայնվում: Մասնավորապես՝

  • խորհրդարանի անդամները իրավունք կունենան պաշտոնանկ անել ոչ միայն նախագահին, վարչապետին կամ նախարարներին, այլև Գերագույն դատարանի անդամներին և գլխավոր դատախազին,
  • լուծարվում է նախագահին կից գործող Ազգային անվտանգության խորհուրդը,
  • նախագահը միայն կառավարության համաձայնությամբ կարող է իրականացնել ներկայացուցչական իրավասություններ միջազգային հարաբերություններում, բանակցել այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, ընդունել այլ երկրների և կազմակերպությունների դեսպաններին և այլն,
  • նախագահն այլևս չի կարող դիմել կառավարությանը և քննարկման ներկայացնել ցանկացած հարց,
  • նախագահը չի կարող մասնակցել կառավարության նիստերին և այլն:

Վրաստանի նախագահական այս ընտրություններն աչքի են ընկնում բավական մեծ մրցակցությամբ. Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է 25 թեկնածու, որից 19-ն առաջադրվել են կուսակցությունների, իսկ 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից: Չնայած նախագահի պաշտոնի հավակնորդների նման մեծ թվին՝ տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների (NDI, IRI) կողմից իրականացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ընտրապայքարում կա հստակ ընդգծված առաջատարների եռյակ: Ըստ տվյալների՝ հոկտեմբերի 28-ի ընտրություններին առավել թվով ձայներ կստանան՝ Դավիթ Բաքրաձեն (Սահակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանի խորհրդարանի նախագահ, այժմ`«Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու), Սալոմե Զուրաբիշվիլին (Սահակաշվիլիի իշխանության շրջանում արտգործնախարար, այժմ «անկախ» թեկնածու, ում աջակցում է իշխող «Վրացական երազանքը») և Գրիգոլ Վաշաձեն (Սահակաշվիլիի իշխանության ժամանակ արտգործնախարար և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը): Հատկանշական է, որ, ըստ հանրային տրամադրությունների ուսումնասիրությունների արդյունքների, ամենայն հավանականությամբ, թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվի հավաքել ձայների 50 տոկոսից ավել քվե և կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ:

Վրաստանի նախագահական ընտրություններն առանձնանում են նաև այն հանգամանքով, որ ընտրություններում Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխող կուսակցությունը չի առաջադրել թեկնածու: Վրաստանի նախկին վարչապետ և իշխող կուսակցության ներկա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իշխանությունը պատրաստ է «զիջել» այդ պաշտոնն ընդդիմությանը կամ սատարել անկախ թեկնածուներից մեկին: Իշխող «Վրացական երազանքը» գնաց երկրորդ տարբերակով՝ աջակցություն հայտնելով անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, ով, հաղթանակի դեպքում, կլինի Վրաստանի պատմության մեջ առաջին կին նախագահը:

Համառոտ անդրադառնանք Վրաստանի նախագահի պաշտոնի երեք գլխավոր հավակնորդներին:

Դավիթ Բաքրաձե

«Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն խոստացել է ապահովել երիտասարդության կրթության ֆինանսավորումը Եվրոպայում, տրամադրել օգնություն Վրաստանում ապօրինի միգրանտներին և բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:

Նշենք, որ Դավիթ Բաքրաձեն նախկինում աշխատանքային գործունեություն է ծավալել հիմնականում երկու կառույցներում`Վրաստանի խորհրդարանում և արտաքին գործերի նախարարությունում` ուսմանը զուգահեռ: Ի հակադրություն տարածված այն կարծիքի, որ վրացական ընտրազանգվածը նախապատվությունը տալիս է բռնկուն քաղաքական գործիչներին, Բաքրաձեն իր խաղաղ և փոխզիջումային բնույթով բավական բարձր վարկանիշ ունի: Սահակաշվիլիի իշխանության օրոք նրան հիմնականում քննադատել են գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանի վերահսկողական դերակատարման նվազման պատճառով:

Բաքրաձեն Վրաստանում խորհրդարանի ղեկավար եղած տարիներին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Վրաստանի համար Հայաստանը առաջնային դիրքերում է, իսկ հայ-վրացական հարաբերությունները՝ կովկասյան կայունության հիմքն են։ Իր մեկ այլ հայտարարության մեջ անդրադառնալով Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, նշել է, որ դրանք զարգանում են այնպես, ինչպես զարգացել են պատմության ու հատկապես վերջին բոլոր տարիների ընթացքում: «Տարեցտարի աճում է այն բանի գիտակցությունը, թե որքան սերտորեն են փոխկապված Վրաստան-Ադրբեջան շահերը»։ Վրացական խորհրդարանի նախկին խոսնակը նաև վստահություն էր հայտնել, որ Ադրբեջանն այն երկրներից մեկն է, որի հետ Վրաստանը լավ, «ռազմավարական առումով՝ բարեկամական» հարաբերություններ ունի:

Դ. Բաքրաձեն Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը շատ մեծ կարևորություն է տալիս, այն համարելով ամբողջ տարածաշրջանի անվտանգությանն ուղղված քայլ:Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու և հակամարտությունները կարգավորելու միակ ճանապարհն է:

Սալոմե Զուրաբիշվիլի

Պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին, ում սատարում է իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը, մտադիր է իրականություն դարձնել այն գաղափարը, ըստ որի ծերանոցների և մանկապարտեզների միջև անհրաժեշտ է կապ ստեղծել, որպեսզի տարեցները կարողանան կիսվել իրենց կյանքի փորձով կրտսեր սերնդի հետ: Բացի այդ, նա հանդես է գալիս կանանց իրավունքների պաշտպանության դիրքերից և խոստանում է լինել կամուրջ ժողովրդի և կառավարության միջև:

Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում և շուրջ 30 տարի զբաղվել է դիվանագիտական աշխատանքով Ֆրանսիայի արտգործնախարարությունում: 2003թ. նա նշանակվել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ արդեն 2004թ. ստանձնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Զուրաբիշվիլին ԱԳ նախարարի պաշտոնում իր կատարած գլխավոր գործը համարում է Վրաստանիտարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերումը (նրա պաշտոնազրկումից հետո այդ որոշումը չեղարկվել է և ստորագրվել է ռուս-վրացական նոր համաձայնագիր):

2005թ. նա հիմնադրել և ղեկավարել է ընդդիմադիր «Վրաստանի ուղի» կուսակցությունը: Զուրաբիշվիլին մշտապես նշել է, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերություններըՌուսաստանիհետ՝ միաժամանակ ընդգծելով, որ դատապարտելի է վրացական էլիտայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:

Նշենք նաև, որ սա Վրաստանի նախագահ դառնալու Զուրաբիշվիլիի առաջին փորձը չէ: 2013 թվականին ևս նա ցանկանում էր մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն նրան մերժեցին գրանցել կրկնակի քաղաքացիության պատճառով:

Ի դեպ Զուրաբիշվիլին թեկնածուներից միակն է, ով նախընտրական քարոզարշավի շրջանակներում արդեն այցելել է Ջավախք և այցի ընթացքումնրա բոլոր ելույթները թարգմանվել են հայերեն: Այցի ընթացքում նա հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ, նշելով, որ. «Սահակաշվիլին թուրքերին վրացական քաղաքացիություն էր բաժանում, իսկ ջավախահայերին՝ ոչ»: Այս հայտարարությամբ նա իր դեմ է հանել մյուս թեկնածուներին, ովքեր Զուրաբիշվիլիին մեղադրում են անջատողականություն քարոզելու ու ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ: Բաքրաձեն հակադարձելով այդ հայտարարությանը նշել է, որ ջավախահայերի քաղաքացիության խնդիրը ողջ սրությամբ ի հայտ է եկել հենց «Վրացական երազանքի» իշխանության տարիներին:

Պետք է նշել, որ Բաքրաձեն այս հարցում մասամբ իրավացի է: Երկքաղաքացիությունը բացառող դրույթը Վրաստանի հիմնական օրենքի տեքստում տեղ գտավ Մ. Սահակաշվիլիի նախագահության վերջին տարիներին իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Դրա արդյունքում վրացական, հայկական կամ ռուսական անձնագիր ունեցող ջավախահայերը ծանր ընտրության առաջ կանգնեցին արդեն «Վրացական երազանքի» իշխանության տարիներին` 2012 թվականից հետո: Պաշտոնական տվյալների համաձայն 2012-2018 թվականներին սահմանադրական փոփոխությունների հետևանքով Վրաստանի քաղաքացիությունից է հրաժարվել շուրջ 30 հազար մարդ, որոնց 80 տոկոսը՝ ազգությամբ հայ:

Զուրաբիշվիլին, սակայն առավել կոշտ քննադատության է ենթարկվում իր մեկ այլ հայտարարության համար, ըստ որի՝ 2008 թվականին Վրաստանն է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Ավելի ուշ նա փորձել է բացատրել, որ «2008 թվականին ագրեսորի դերում Ռուսաստանն էր, սակայն Սահակաշվիլին տրվեց սադրանքին, և դա որպես առիթ օգտագործեց Վրաստանի դեմ պատերազմ սանձազերծելու համար»: Չնայած բոլոր արդարացումներին՝ հանրային որոշ շրջանակներ նրան ընկալում են որպես ռուսամետ գործիչ:

Գրիգոլ Վաշաձե

Տասը ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած «Ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն առաջարկում է բարձրացնել ոստիկանության աշխատակիցների և ուսուցիչների աշխատավարձերը, ինչպես նաև թոշակները (մինչև 153 դոլար):

Վրաստանի նախկին արտգործնախարարը կյանքի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում, 1980-88 թվականներին աշխատել է ԽՍՀՄ արտգործնախարարությունում: Ռուսաստանի քաղաքացիություն ստացել է Խորհրդային Միության փլուզումից հետո, իսկ հրաժարվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Վաշաձեի մասին մշտապես հիշատակվում է որպես խորհրդային դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչ:

ԱԳ նախարար եղած տարիներին Գ. Վաշաձեն տարբեր առիթներով անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ բանակցությունների յուրաքանչյուր ձևաչափ ավելի լավ է, քան հակամարտությունը: Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ Հարավային Կովկասը միասնական օրգանիզմ է, և բոլոր պետությունները պետք է գիտակցեն, որ «մենք գտնվում ենք մեկ նավակում»` հավելելով, որ եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ լինի Վրաստանի միջնորդությունը, ապա վրացական կողմը պատրաստ է ստանձնել նման դերակատարում: 2009թ. Երևանում Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Վաշաձեն, անդրադառնալով Ջավախքին ու ջավախահայության խնդիրներին, նշել է, որ «ոչ մի կառավարություն այդքան չի արել ազգային փոքրամասնությունների համար, որքան Վրաստանի կառավարությունը 2003 թվականից ի վեր», և գոյություն չունի Ջավախքի խնդիր, գոյություն ունի սոցիալ-տնտեսական խնդիր Ջավախքում` ինչպես Վրաստանի այլ շրջաններում:

Գրիգոլ Վաշաձեն նույնպես կարծում է որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հրատապ խնդիր է, համարելով, որ ՆԱՏՕ-ն կարող է աջակցություն ցուցաբերել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

Ամփոփելով կարող ենք նշել, որ հոկտեմբերի 28-ին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններն, անկախ ելքից, կարևոր հանգրվան են մեր հարևան երկրի կառավարման և քաղաքական համակարգերի զարգացման գործընթացում: Նախընտրական պայքարն արդեն իսկ դարձել է որոշակի վերախմբավորումների պատճառ Վրաստանի քաղաքական ուժերի շրջանում, ինչը հնարավոր է իր ազդեցությունն ունենա նաև կուսակցական դաշտի վրա: Մյուս կողմից նախագահական ընտրություններից հետո ուժի մեջ են մտնում գարնանը հաստատված սահմանադրական բարեփոխումները՝ ընդլայնելով խորհրդարանի լիազորությունները և կրճատելով նախագահի իրավասությունները: Այս ամենն, անշուշտ, մեծացնում է հետաքրքրությունը, թե ում կհաջողվի ստանալ Վրաստանի ժողովրդի վստահության քվեն և ինչպես հաջորդ նախագահը կկառուցի իր հարաբերությունները կառավարության հետ:

Ռոզի Միքայելյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում