Մշակույթ

Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տնօրենի համոզմամբ` դասական հեքիաթներն աշխարհում մնում են ավելի պոպուլյար

3 րոպեի ընթերցում

Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տնօրենի համոզմամբ` դասական հեքիաթներն աշխարհում մնում են ավելի պոպուլյար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակի կապակցությամբ Հայաստանը հյուրընկալել էր Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի («IBBY International») գործադիր տնօրեն Լիզ Փեյջին, ով «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խոսեց իրենց կոմիտեի գործունեության,«IBBY Armenia» մասնաճյուղի հետ համագործակցության մասին:

Լիզ Փեյջի խոսքով` ինքը երկրորդ անգամ է Հայաստանում և իր համար շատ հաճելի է ներկա գտնվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյա հոբելյանին:

«Մենք համագործակցում ենք «IBBY Armenia» մասնաճյուղի հետ, քանի որ այն Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի կարևոր մասն է և շատ ակտիվ է: Այն պարբերաբար վարպետության դասեր է կազմակերպում պատկերազարդողների, հրատարակիչների, թարգմանիչների համար` Հայաստան հրավիրելով բարձրակարգ մասնագետների»,-ասաց Լիզ Փեյջը:

Նա ընդգծեց, որ իրենց կոմիտեի գործունեությունը շատ բազմազան է: Գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու և ընթերցանության խթանման նպատակով այն տարբեր մրցանակներ է հանձնում: Դրանցից ամենահայտնին ու հեղինակավորը «Հանս Քրիստիան Անդերսենի» գրական միջազգային մրցանակն է:

«Մենք ունենք «IBBY» պատվո ցուցակ, որում ընդգրկվում են մանկագիրներ և պատկերազարդողներ, ունենք նաև գրականության խթանման ծրագրերին օժանդակող նախագիծ, որը ֆինանսավորում է «Yamada» հիմնադրամը»,-պատմեց կոմիտեի տնօրենը և շեշտեց, որ հիմնադրամի դերը շատ մեծ է իրենց համար, քանի որ այն ֆինանսավորում է աշխարհի տարբեր անկյուններում ստեղծված նախագծերը, որոնք ունեն համաֆինանսավորում և միտված են գրքի մշակույթի զարգացմանն ու ընթերցանության խթանմանը, երեխաների ընթերցող դառնալու իրավունքի իրացմանը:

Մեր այն հարցին, թե գիրք ընտրելիս երեխաներն ու պատանիները հիմնականում ինչի՞ն են ուշադրություն դարձնում, Փեյջը պատասխանեց, որ յուրաքանչյուր երկիր տարբեր է, բնականաբար, տարբեր են նաև մանկապատանեկան գրականության նկատմամբ պահանջները:

«Որոշ երկրներում ընթերցանության մակարդակը նոր-նոր է սկսել բարձրանալ, իսկ որոշներում էլ այն խորը արմատներ ունի: Ըստ իս` դասական հեքիաթներն ավելի պոպուլյար են: Այս մասին կարող ենք խոսել` մեր պատվո ցուցակի գրքերն ու թարգմանությունները դիտարկելով: Անգամ այսօր ցուցակում ներառված են հանրահայտ «Փոքրիկ իշխանը», «Մոխրոտը», «Պինոկիոն» և այլ դասական հեքիաթներ: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վերջերս նաև կատալոներեն է թարգմանվել: Շատ մեծ տարածում ունեն նաև ազգային հեքիաթները»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ հեղինակներին` Լիզ Փեյջը խոստովանեց, որ մեծահասակների համար ստեղծագործող հայ գրողներն ավելի հայտնի են, քան մանկագիրները: Նա այդ հանգամանքը պայմանավորեց նրանով, որ, գուցե, մանկագիրների գործերն ավելի քիչ են թարգմանվում:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում