Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ազգային անվտանգության ծառայությունն այդ գաղտնալսման հետ ընդհանրապես կապ չունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վանեցյանը:

Նա մանրամասնեց, որ գաղտնալսման պատվիրատուն մեկ անձ է, ով հանրության շրջանում լայն ճանաչում ունի: Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ պատվիրատուին անձամբ չի ճանաչում: Միևնույն ժամանակ, Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ գաղտնալսման պատվիրատուն մեկն է, սակայն նրա մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ գործընթաց է:

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց նաև իր և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակության վերաբերյալ: Նա հայտնեց, որ այդ օրը ինքը և ՀՔԾ պետը 10 հեռախոսային խոսակցություն են ունեցել՝ 8 անգամ իրեն զանգահարել է ՀՔԾ պետը, երկու անգամ ինքն է զանգահարել վերջինսիս: «Մենք այդ օրը մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է տևել: Մենք այդքան երկար խոսակցություն չենք ունեցել: Մեր ամենաերկար խոսակցությունը 2.5 րոպե է տևել: Այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժվել են և ներկայացվել որպես մեկ խոսակցություն»,- մանրամասնեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Նա պարզաբանեց նաև, թե ինչպես է հաջողվել գաղտնալսել իր և Սասուն Խաչատրյանի խոսակցությունը: Արթուր Վանեցյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ գտնվել է ռոումինգի գոտում, ինչը հեշտացրել է գաղտնալսում իրականացնելու գործընթացը: ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ երկրի տարածքում ունեցած հեռախոսային խոսակցությունների դեպքում առկա գաղտնի արձանագրությունները, որոնք գաղտնազերծելու համար անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ, որոնք օրենքով սահմանված կարգով ունի միայն ԱԱԾ-ն, չեն գործում: «Երբ անձը գտնվում է ռոումինգի տակ, օպերատորներն ավելի էժան կապ ապահովելու համար օգտվում են տարբեր ինտերնետային, հեռախոսային ուղիներից: Ես գտնվել եմ ռոումինգի տակ, իսկ ինտերնետային ուղին պաշտպանված չէ, այսինքն՝ չի գաղտնագրվում: Այսինքն՝ միջին որակի ցանկացած մասնագետ կարող էր այդ գաղտնալսումը իրականացնել»,- ասաց նա:

Վանեցյանը պարզաբանեց ՀՔԾ պետի հետ ունեցած խոսակցության ժամանակ իր արած արտահայտությունը, թե «ուզես-չուզես, կալանքը պետք է տաս»: Նա մանրամասնեց, որ արդեն հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի անուն-ազգանունը Վաչե Մարգարյան է, իսկ ձայնագրության մեջ ինքը տալիս է Հրաչ անունը: Արթուր Վանեցյանը պարզաբանեց, որ Հրաչը Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարն է. «Ես հիմա նրա ազգանունը չեմ հիշում: Ես Սասուն Խաչատրյանին հարցրել եմ, թե Հրաչն ի՞նչ է ասում, նա պատասխանում է, որ Հրաչն ասել է, որ հիմնավոր է մեղադրանքը, ինչին ես պատասխանում եմ, որ եթե հիմնավոր է, ուրեմն ուզի-չուզի՝ պետք է տա կալանք: Ես դատավորի հետ չեմ խոսել: Իմ հեռախոսը տվել եմ քննության իրականացնող մարմնին, ասել եմ փորձաքննություն իրականացրեք: Ես դատավորի հետ չեմ խոսել, ես առհասարակ դատավորների հետ չեմ խոսում: Ես ունեմ ընկերներ, որոնք այսօր դատավոր են դարձել, և մենք նրանց հետ կարող ենք շփվել կենցաղային հարցերի շուրջ»,- մանրամասնեց նա:

ՀՀ ԱԱԾ տնօրենը նաև նշեց, որ այդ գաղտնալսման հիմնական շարժառիթը եղել է իր հրաժարականին հասնելը: Նրա հիմնական շարժառիթը եղել է այն, որ Վանեցյանը հրաժարական պետք է ներկայացներ, այդ կերպ թուլացնեին մեր կառույցը: Այսօր ես չեմ ուզում ավել ինչ-որ բաներ ասել, բայց հիմնական նպատակը եղել է իմ հրաժարականը: Այսօր էլ մամուլում իմ դեմ հարձակումները խոսում են այն մասին, որ փորձում են իմ և ԱԱԾ-ի վարկանիշը նվազեցնել: Հատուկ վերջին շրջանում մոդայիկ դարձած ֆեյքեր, խմբեր, մարդիկ կան, ովքեր ստանում են աշխատավարձ Վանեցյանին և ազգային անվտանգության ծառայությանը վարկաբեկելու համար»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի