Երևանն իր ողջ հմայքով ներկայացել է «Երևանը երևանցիների աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին և նոր Երևանն իր ողջ հմայքով` գեղատեսիլ վայրերով, հանրահայտ ստեղծագործողներով, քաղաքի դեմքն ու դիմագիծը ներկայացնող անձանցով, իրադարձություններով, սիրով ու ջերմությամբ արտացոլվում է «Երևանը երևանցիների աչքերով» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսում: Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց հոկտեմբերի 10-ին «Թեքեյան» կենտրոնի պատկերասրահում:

«Ցուցադրված է 37 հեղինակի մոտավորապես 110 կամ 114 աշխատանք: Ներկայացված են ոչ միայն ժամանակակից, այլև 20-րդ դարասկզբին գործունեություն ծավալած լուսանկարիչների գործեր: Ցուցահանդես այցելած օտարերկրացիները, դիտելով ցուցանմուշները, փաստեցին, որ այլ տեսանկյունից են ընկալել և ճանաչել Երևանը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց լուսանկարիչ Արմեն Ենգոյանը:

Ենգոյանը ցուցադրել էր համացանցում լայն տարածում և ճանաչում ստացած իր հեղինակային «Կինը միշտ կին է մնում», «Առճակատում» և այլ լուսանկարներ:

««Վեր բարձրացնող բազուկներ» լուսանկարը արվել է ապրիլին` հեղափոխության օրերին: Լուսանկարում ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն է` ժողովրդի ձեռքերի վրա: Դա այն ժամանակ էր, երբ նրան կալանավորելուց հետո բաց էին թողել: Ժողովուրդը ոգևորված գրկել էր Փաշինյանին»,- պատմեց Ենգոյանը:

Լուսանկարիչ և ցուցահանդեսի համադրող Վահան Քոչարը շեշտեց, որ իր աշխատանքներից բացի, ցուցադրված են նաև հոր` Անդրանիկ Քոչարի գործերը:

«Ընդգրկել ենք երևանյան հին և նոր արժեքավոր լուսանկարներ: 24 տարեկանում զոհված լուսանկարիչ Վարազդատ Բորեցյանի աշխատանքներն են շատ տպավորիչ: Նա 1915 թվականին Վանից է եկել և եղել է Մատենադարանի առաջին լուսանկարիչը: Հրաշալի աշխատանքներ են «Ջուր ծախող տղան», «Թել մանող կինը Կոնդում»: Լուսանկարներից մեկում Շուստովի Երևանի գինու և կոնյակի գործարանն է, որտեղ մարդիկ բոբիկ խաղող են ճմռում: Դա 1910 թվականի լուսանկար է: Ներառվել է նաև Մաշտոցի պողոտայի շինարարությունը և այլ աշխատանքներ»,- ներկայացրեց Քոչարը:

Նա նշեց, որ իր համար Երևանը միայն շենքերը, գեղատեսիլ վայրերը կամ քաղաքի խորհրդանիշները չեն: Լուսանկարչի համար Երևանը հարուստ է մարդկանցով. դատարկ քաղաքը քաղաք չէ:

Վահան Քոչարը խոստովանեց` Երևանի 2800-ամյակի կապակցությամբ ցանկացել են մեծ նախաձեռնություն իրականացնել և 2800 լուսանկար ցուցադրել Էրեբունի փողոցի ողջ երկայնքով: «Ուզում էինք փողոցի ամեն մայթում 1400 լուսանկար ներկայացնել: Որոշվել էր լուսանկարները բաժանել Էրեբունու ժողովրդին: Բայց այդ նախաձեռնությունը բավականին դժվար է կյանքի կոչել, սակայն մենք դեռ չենք կորցնում մեր հույսը»,- եզրափակեց լուսանկարիչը:

Ցուցահանդեսն իրականացավ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ` ի դեմս կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանի:

Հայերեն Français

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները