Տնտեսություն

ԱՊՀ երկրների միջև հարկային ոլորտում տեղեկատվությունը կփոխանակվի էլեկտրոնային եղանակով

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրների միջև հարկային ոլորտում տեղեկատվությունը կփոխանակվի էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ պետությունների միջև հարկային ոլորտում տեղեկատվությունը կփոխանակվի էլեկտրոնային եղանակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն:

«Արձանագրության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև հարկային հարցերով էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման իրականացումը լրացուցիչ գործիք կհանդիսանա ստվերային տնտեսության կրճատման և հարկումից խուսափելու համար:

Արձանագրության նպատակներից է ապահովել հարկային վարչարարության ոլորտում տնտեսական բարեփոխումների իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաև կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը:

Արձանագրության դրույթների կիրառումը կնպաստի նաև տվյալ ոլորտում տնտեսական փոխգործակցության թափանցելիության մակարդակի բարձրացմանը»,- ասված է հիմնավորման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում