Հասարակական

Շառլ Ազնավուրի հիշատակը հարգել են նաեւ քրեակատարողական հիմնարկներում

2 րոպեի ընթերցում

 Շառլ Ազնավուրի հիշատակը հարգել են նաեւ քրեակատարողական հիմնարկներում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանհանրային կապերի բաժնից, հոկտեմբերի 5-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ: Նրանք միջոցառման ընթացքում հանդես եկան ոչ միայն գեղեցիկ ասմունքներով՝ նվիրված մեծն շանսոնյեին, այլ նաև ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը: Ցերեկույթի ողջ ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի անմահ կատարումները:

Միջոցառման ավարտին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կրոնական անկյունում: Արարողությունն ավարտվեց մոմավառությամբ:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անձնակազմը ևս իր սերը, երախտագիտությունն ու հարգանքը հայտնեց մեծն Շառլ Ազնավուրին: Ծառայողները ծաղիկներ խոնարհեցին Արթիկ քաղաքի Անկախության հրապարակում տեղակայված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանում, որն այս օրերին վերածվել է Շառլ Ազնավուրի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հարթակ, և գրառումներ կատարեցին հուշամատյանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում