ԳԱՎԱՌ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, մարզպետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցները, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 4-ի կեսօրից ծաղիկներ են խոնարհում Շառլ Ազնավուրի դիմանկարի առջեւ, որը տեղադրվել է Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, ծաղկեդրումը կշարունակվի հոկտեմբերի 4-ին եւ 5-ին և կավարտվի երեկոյան մոմավառությամբ: Հոկտեմբերի 6-ին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի Շառլ Ազնավուրի հիշատակի հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի: «Մարդիկ ամենայն ակնածանքով են խոնարհվում մեծանուն հայ Շառլ Ազնավուրի հիշատակի առջեւ, ի խորոց սրտի կսկծում նրա մահը:
Նրանք Գավառի հրապարակ են գալիս ինքնաբուխ, ծաղիկներ խոնարհում ու Ազնավուրի դիմանկարի առջեւ խոնարհվում սրտանց՝ իրենց հետ տանելով մեր ազգային հերոսի հոգու պայծառ շողը, անմար հիշատակը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի առջեւ ծաղկեդրման եւ մոմավառության արարողություններ են տեղի ունենում նաեւ մարզի մյուս քաղաքային եւ գյուղական բնակավայրերում:
Խոսրով Խլղաթյան