ԱՐՏԱՇԱՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արտաշատում, նրա անունը կրող մշակույթի կենտրոնի մուտքի մոտ տեղադրված կիսանդրու առաջ հոկտեմբերի 2-ին քաղաքային եւ մարզային իշխանությունների, կրթական եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, բնակիչները խոնարհեցին ծաղիկներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մազպետ Գարիկ Սարգսյանը, ելույթ ունենալով մեծագույն հայի ոգեկոչման արարողությանը, նշեց. «Բոլորս մեծագույն ցավ ենք ապրում, եւ թեպետ խորն է վիշտը, բայց պիտի շարունակենք քայլել ժպտալով ու մեծագույն հպարտությամբ, ինչպիսի կենսախնդությամբ ու կյանքի հանդեպ սիրով ապրում էր Ազնավուրը»: Նա շեշտեց համաշխարհային երգարվեստում եւ հայ ժողովրդի կյանքում Ազնավուրի ունեցած ներդրումը: «Մեզ հետ կմնա նրա անզուգական արվեստը, հայի՝ բացառիկ ու բարի կերպարը, որ բնորոշ է Շառլ Ազնավուրին»,- ելույթն ավարտեց մարզպետը: Մշակույթի կենտրոնի բակում վաղ առավոտից հնչում են մեծն հայի բոլոր ժամանակների երգերը: Տեղի կունենա մոմավառություն:
Արտաշատի մշակույթի կենտրոնն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով 1992 թվականին: Կիսանդրու քանդակի հեղինակն է արտաշատցի քանդակագործ Վանուշ Սաֆարյանը: Ազնավուրն Արտաշատում եղել է 1992 թվականի մարտի 4-ին՝ անվանակոչման կապակցությամբ, ի հիշատակ իր այցելության, այսօր էլ աշխատասենյակներից մեկի պատին պահպանվում է երգչի ինքնագիրը: Կենտրոնի անվանակոչումն ու շանսոնյեի ժամանումն Արտաշատ տեղի է ունեցել մշակույթի կենտրոնի այն ժամանակվա տնօրեն Հենրիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Շառլ Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:
Լիլիթ Մաճկալյան