Մարզային

Գյումրիում սկսեց գործել ժամանակակից  ակնաբուժական կենտրոնը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում սկսեց գործել ժամանակակից  ակնաբուժական կենտրոնը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսողական խնդրիների լուծման համար այսուհետ շիրակցիները չեն հասնի Երևան: «Գյումրի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 27-ին բացվեց Հայկական ակնաբուժության նախագծի Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարությունը, ներկայացուցիչներ առողջապահության նախարարությունից, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժներ և բարերարներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը կենտրոնն ապահովված է նորագույն սարքավորումներով, այստեղ գործելու է վիրահատարան ու ակնային զննման բաժանմունք: Վիրահատություններն իրականացնելու են Հայկական ակնաբուժության նախագծի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վերապատրաստումn անցած փորձառու մասնագետները: Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումն ու կենտրոնի գործարկմանն անհրաժեշտ այլ աշխատանքներ իրականացվել են Շիրակի մարզպետարանի, Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության ջանքերի շնորհիվ:

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նորաբաց կենտրոնը հագեցված է նորագույն տեխնոլոգիաներով: «Կենտրոնում ինչպես հետազոտական, այնպես էլ վիրահատական նորագույն սարքավորումներ են: Ինչ մնում է մասնագետների խնդրին, պարբերաբար Գյումրի վիրահատություն կատարելու կգան մասնագետներ Երևանից: Ընդհանուր առմամբ, մասնագետների խնդիր չի լինի: Սրանով կկանխվի Շիրակի մարզի բնակչության հոսքը մայրաքաղաք»,- նշեց բուժհաստատության տնօրենը փաստելով ծառայություններ կլինեն ինչպե վճարովի, այնպես էլ պետական պատվերի շրջանակներում:

Նախաձեռնությունը հնարավոր է դարձել Հայկական ակնաբուժական նախագծի երկարամյա բարեկամ և հովանավոր Լութեր Ջոն Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ:

Հայկական ակնաբուժության նախագիծը «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005 թվականից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Շիրակի մարզի բնակիչներին: Ծրագրի շրջանակներում ավելի քան 35 հազար անձ անցել է ակնաբուժական հետազոտություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում